Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները եւ կարեւորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»:

Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների երկկողմ օրակարգն հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների եւ համագործակցության ակտիվացում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը, որի շնորհիվ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ կրթական եւ մշակութային ծրագրեր՝ նպաստելով հայ-բրիտանական կապերի ամրապնդմանը:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության եւ ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի ունեցած դիրքորոշման համար եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Որպես բժիշկ՝ առավել կարեւորում եմ մարդկային կյանքը եւ ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում: Քսանմեկերորդ դարում եւ քաղաքակիրթ աշխարհում սա անընդունելի է»:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ :

Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել Հայաստանին՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները զարգացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու գործում:

Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահն իրոք ցավալի եւ անընդունելի է: Այս համատեքստում տիկին Ֆարնուորթը փաստել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները եւ հակամարտության լուծումը տեսնում բացառապես բանակցային ճանապարհով:

Դեսպանը նշել է, որ երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան. Հայաստանում տեսանելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կառավարման խորհրդարանական համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]