Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արտ ֆեստ» փառատոնը նոր անուններ բացահայտեց

«Արտ ֆեստ» փառատոնը նոր անուններ բացահայտեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնն ավարտված է: Այն անցկացվեց հունիսի 8-19-ը և կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնն ամփոփեցին կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները:

«Այս տարվա փառատոնը աննախադեպ էր նորարարություններով: Ընդգրկել էինք նաև գրականության ոլորտը: Նվաճում եմ համարում այն, որ մենք հնարավորություն ունեցանք ուկրաինական պատվիրակության հետ հուշագիր ստորագրել, որը ենթադրում է մշակութային նոր համագործակցությունների մեկնարկ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Արտ Ֆեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:

Նա հավելեց, որ ձեռքբերումների հետ մեկտեղ փառատոնն ուներ նաև տեխնիկական և այլ բացեր, որոնք պայմանավորված էին ֆինանսական խնդիրներով: Նա ընդգծեց, որ կանի ամեն բան փառատոնի իրականացման գործընթացում մասնավոր ներդրողների ներգրավելու համար:

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի խոսքով` «Արտ ֆեստ»-ը ոգևորում  է ոչ միայն երիտասարդներին, այլև ավագ սերնդի ներկայացուցիչներին: «Եթե դու անտարբեր չես քո երկրի, էստաֆետն իրենց ձեռքը վերցնող երիտասարդների հանդեպ, պիտի միշտ պատրաստ լինես ամենաշնորհակալ հասարակական գործունեությունը ծավալել: Կային բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ, սակայն մեզ զարմացրեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» ֆիլմը, որը երեք անվանակարգում մրցանակի արժանացավ: Ցավոք, չկար լավագույն սցենար, բայց ներկայացված երեք սցենարները մոտ էին պրոֆեսիոնալին:

Փառատոնի ժյուրիի անդամ դերասանուհի Լալա Մնացականյանն ասաց, որ անդավաճան մասնակցում է «Արտ ֆեստ»-ին:

Նա շեշտեց, որ փառատոնները երկրի մշակութային քաղաքականության կարևոր մասն են, և դրանց նպատակն արվեստի այս կամ այն ճյուղը հանրությանը ճանաչելի դարձնելն ու մարդկանց դրանց մոտեցնելն է:

«Այս փառատոնը շատ եմ կարևորում, քանի որ այն ընդգրկում է երիտասարդների, որոնք չեն վախենում սխալվելուց ու չեն մտածում իրենց արած աշխատանքի հետևանքների մասին: Ներկայացնում են հետաքրքիր, համարձակ գործեր ու ինքնավստահություն ձեռք բերում: «Արտ ֆեստ»-ը բազմաթիվ նոր անուններ բացահայտեց»,- նշեց Մնացականյանը:

«Արտ ֆեստ»-ն ընդգրկում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր` գրականություն, կերպարվեստ, թատերարվեստ,  կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ  կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնի նպատակը ստեղծագործ երիտասարդների  շրջանում մասնագիտական հմտությունների զարգացումը խթանելն է, փորձի փոխանակումը, միջազգային հարթակ ստեղծելը,  նոր անուններ բացահայտելը:

Գրականության ոլորտում լավագույն պիես է ճանաչվել Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի` Էմիլիա Նալբանդյանը, «Լավագույն գրաֆիկա» անվանակարգում հաղթել է Կարո Հաջի Ասլանյանը, լավագույն քանդակ է համարվել Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան է ճանաչվել Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ` Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը: «Լավագուն երիտասարդական հավաքածու» անվանակարգում հաղթել է Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու են համարվել Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները:

Եղել են մրցանակակիրներ նաև այլ անվանակարգերում:

«Արտ Ֆեստ»  երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի  և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակիցների թիվն եղել  է 130 երիտասարդ,  իսկ այս տարի՝ 500:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]