Առաջիկայում կգործարկվի Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով պատրաստ կլինի Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրեն Արա Խզմալյանը: Նրա խոսքով` այն մտածված է այնպես, որ Հայաստանը չճանաչող մարդը կարողանա լիարժեք պատկերացում կազմել նրա մասին:
«Այնտեղ կլինի տեղեկատվություն, թե որտեղ կարող է զբոսաշրջիկն այցելել, ապրել, ով կարող է նրան դիմավորել, ինչ գին կարժենա այդ ամենը և այլն: Այսինքն` որքան շատ կարողանանք տեղեկատվություն ապահովել, այնքան ավելի վստահ է զգալու իրեն Հայաստանը չճանաչող զբոսաշրջիկը: Մենք թվային տիրույթում աշխատում ենք պոտենցիալ զբոսաշրջիկի ուղղությամբ»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքը Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ է ստեղծվում: Նա նաև նշեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամն այժմ գտնվում է կառուցվածքային փոփոխությունների փուլում. զբոսաշրջային բաժինն առանձնանում է հիմնադրամից և դառնում առանձին հիմնադրամ: Այդ կառուցվածքային փոփոխություններից հետո կարելի է ենթադրել, որ կայքի վարումը լինելու է նոր հիմնադրամի իրավասությունը:
Խզմալյանի կարծիքով` Հայաստանը զբոսաշրջիկների համար տեսանելի դարձնելու առաջին քայլը` թվային մարքեթինգն է:Այսինքն` մեր երկրի դիրքավորումը համացանցային տիրույթում, որ մարդիկ Հայաստանի մասին տեղեկանան ոչ միայն երկիր այցելելով, այլև համացանցից օգտվելով: «Մենք հեռակա ճանաչողական դաշտ ենք ստեղծում թվային տիրույթում: Սա ամենալուրջ քայլն է»,- ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում