Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանամերձ Չորաթանի երեխաները հայկական մշակույթը ներկայացրել են Իտալիայում

Սահմանամերձ Չորաթանի երեխաները հայկական մշակույթը ներկայացրել են 
Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում գրեթե երկու տասնամյակ գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնի սաները հայկական մշակույթը ներկայացրել են Իտալիայի մի քանի համայնքներում:                                                                                                                       

«Մխիթար» երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հետ մշակութային համագործակցության գաղափարը ծնվել է Իտալիայի Սկանդիչի համայնքից մի խումբ իտալացիների Հայաստան կատարած այցից հետո: Վերջիններս այնքան էին տպավորվել հայկական մշակույթով, որ որոշեցին այդ գաղափարը վերածել լուրջ համագործակցության: Ծանոթանալով սահմանամերձ Չորաթան համայնքում Մխիթարյան միաբանության կողմից ծավալվող մշակութային գործունեությանը՝ վերջիններս ստեղծեցին «Լա Մելագրանա» կազմակերպությունը՝ ընկերության հիման վրա ծնված հարաբերությունները խորացնելու նպատակով: Այսպիսով, երկու համայնքների միջև կապի ստեղծումը փոխադրվեց ինստիտուցիոնալ մակարդակի՝ ավելի ամուր կապ հաստատելով Չորաթանի և Սկանդիչիի երեխաների միջև:

 «2013 թվականից ի վեր կազմակերպում ենք փոխադարձ այցելություններ, որոնք ապահովում են երկու համայնքների երեխաների միջև միջմշակութային շփումներն ու ճանաչողությունը: Վերջին այցելությունը 2017 թվականի հունիսի առաջին կեսին էր, երբ կենտրոնի մի քանի շնորհալի սաներ այցելեցին Իտալիա՝ մասնակցելու «Լա Մելագրանա» կազմակերպության կողմից կազմակերպած միջոցառումներին: Այցի առաջին օրն այցելեցինք Ֆլորենցիայի Սուրբ Մինաս եկեղեցի (3 –րդ դար)»,-նշեց Էդգար Քալանթարյանը:

Այցելության գրաֆիկը բավական հագեցած էր. հայկական մի շարք մշակութային միջոցառումներ տեղի ունեցան իտալական մի քանի համայնքներում ևս՝ Ֆլորենցիայում, Ռոմոլայում, Ֆաենցայում:  «Մխիթար» երիտասարդական կենտրոնի սաները հայկական տարազներով ներկայացրեցին հայկական պարեր:

 Հատկանշական է հատկապես Սկանդիչի քաղաքապետարանում կայացած «Հայկական էմոցիաներ» խորագրով միջոցառումը, որտեղ քաղաքապետ Սանդրո Ֆալանին նույնպես կարևորեց համագործակցությունը՝ հաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը:

 «Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկա նաև ես, որտեղ հիմնավոր կերպով ներկայացրի հայ-իտալական դարավոր հարաբերությունների մասին փաստեր, անդրադարձա հայ մշակույթին և հայ ժողովրդի պատմությանը և այլն: Հայ-իտալական հարաբերությունների խորացման գործում իր ներդրումն ունեցող, մասնագիտությամբ բժիշկ՝ Ռոմեո Զոլին, Չորաթանի հետ համագործակցությունը բնութագրեց հետևյալ բառերով` ընկերությունը չի պատասխանում «ինչու» հարցին, սակայն տալիս է պտուղներ, որոնցով սնվում է մարդկությունը՝ դարձնելով աշխարհը ավելի   լավը… Չորաթանի հետ մեր համագործակցությունը բխում է նախ և առաջ սրտից, ո՛չ գլխից»,-ասաց Էդգար Քալանթարյանը:

 Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև հայկական երաժշտության, քանդակագործության, պոեզիայի գլուխգործոցներ՝ Ֆլորենցիայում ազգությամբ հայ անվանի արվեստագետների և գրողի ներկայացմամբ (Արթուր Ալեքսանյան, Վիգեն Ավետիս, Ագնեսա Գյուրջյան): Այդ օրերին, իտալական Սկանդիչի համայնքն ապրում էր հայկական շնչով և մշակույթով:

 «Կենտրոնի սաների հիշողության մեջ դեռ շատ երկար տարիներ վառ կմնա հանդիպումը Մխիթարյան հայրերի հետ Սուրբ Ղազար կղզում: Վերջիններիս ջերմ և հայրական վերաբերմունքն անկրկնելի հետք է թողել բոլորիս հոգիներում և սրտերում: Մայր Հայրենիքից հազարավոր մղոններ հեռավորությամբ գտնվող Մխիթարյան Միաբանություն այցելելն իսկ ներշնչման աղբյուր էր. իր դարավոր պատմությամբ, հազարավոր ձեռագրերով, գրադարանով, թանգարանով, ինչպես նաև այնտեղ առկա հայկական իրականությամբ»,-նշեց Էդգար Քալանթարյանը: 

Նա նկատեց, որ նման այցելությունները մեծ նշանակություն ունեն սահմանամերձ համայնքում ապրող երեխաների համար: Շատերը Հայաստանից երբևէ դուրս չեն եկել, ոմանք նույնիսկ դեռ Երևանում չեն եղել: Այս այցելությունների ընթացքում երեխաները ոչ միայն ծանոթանում են նոր մշակութային արժեքներին, այլև շփվում իրենց այլազգի հասակակիցների հետ, նոր կապեր հաստատում: Շարունակական այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ «Մխիթար» երիտասարդական կենտրոնում կստեղծվի օտար լեզուների ուսուցման կենտրոն,  որտեղ Չորաթան համայնքի երեխաները հնարավորություն կունենան, մնացած մասնագիտությունների կողքին, անվճար ուսումնասիրելու և խորացնելու իրենց գիտելիքները՝ հաղթահարելով կղզիացման բարդույթը»,- ավելացրեց Էդգար Քալանթարյանը:

Սահմանամերձ Չորաթանի «Մխիթար» ԵԿ-ն կրթամշակութային հաստատություն է, որն արդեն գրեթե երկու տասնամյակ անվճար հիմունքներով կազմակերպում է տարբեր կրթական, մշակութային, մարմնամարզական պարապմունքներ՝ դրանով իսկ լուծելով նաև սոցիալական խնդիրներ: Հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանում երեխաների, պատանիների կրթական, մշակութային, մասնագիտական ունակությունները՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի տեմպերի նվազեցմանը, երիտասարդ սերնդին նոր մասնագիտություններ և հմտություններ փոխանցելը` կապելով նրանց մայր հայրենիքին: Կենտրոնում սաներն ամենօրյա դասընթացների ու պարապմունքների միջոցով սովորում են հելունագործություն, գոբելեն, ասեղնագործություն, գեղանկարչություն, գորգագործություն, ասմունք, ինչպես նաև մարզում միտքն ու մարմինը՝ շախմատի, պարի, մարմնամարզության միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]