Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Տավուշում և Լոռիում կստեղծվեն պասիվ արևային ջերմոցեր


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի նպատակն է Լոռու և Տավուշի մարզերի 11 անտառտնտեսություններում և 9 հատուկ պահպանվող տարածքներում կայուն անտառկառավարման պրակտիկայի ներդրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը նշեց, որ այդ տարածքների ընդհանուր մակերեսը 220 հազար հեկտար է, սակայն վերականգման միջոցառումներն իրականացնում են 5 հազար հեկտարի վրա:

«Տարիներ առաջ` մասսայական անօրինական հատումներից հետո, այժմ այդ տարածքներում ունենք կոճղաշիվային վերաճ, որը որակյալ անտառ չէ: Շատ տարածքներում պետք է վերականգնենք կոճղաշիվային այդ անտառտարածքները: Արդեն ունենք պայմանագիր, համաձայն որի Օձուն համայնքի 90 հա տարածքի վրա կոճղաշիվի հետևանքով առաջացած տարածքը վերակառուցել: Եթե մի կոճղից դուրս են եկել 10-12 շիվեր, դրանցից թողնելու ենք 2-3-ը, որպեզի հետագայում անտառը վերակագնվի: Մենք Օձունի մասով մի հետաքրքրիր բան ենք նկատել: 1990-ականներին Օձուն համայնքի վերին հատվածում եղել են աղբյուրներ և դրանց համար ջուրը եկել է անտառից: Վերջինս մթնոլորտային տեղումները կլանել է և սնել աղբյուրները: Անտառների հատման հետևանքով այդ աղբյուրները ցամաքեցին: Կոճղաշիվային անտառների աճից հետո դրանք որոշակի չափով աշխատեցին: Այժմ հույս ունենք, որ աշխատանքներից հետո դրանք լիարժեք կաշխատեն: Բացի այդ, ծրագրի մեխերից մեկն այն է, որ մենք այլընտրանք առաջարկենք անտառամերձ համայնքի բնակիչներին, քանի որ դրա պայմաններում անտառի վրա ճնշումը կնվազի: Այդ նպատակով մենք մի քանի ուղղություններով սկսել ենք աշխատել»,- ասաց Սայադյանը` հավելելով, որ ծրագրի շրջանակներում մի քանի խոցելի համայնքներին բաժանվել է հակակարկտային ցանցեր, իսկ պասիվ արևային ջերմոցի կառուցումը շուտով կսկսեն Ոսկեպարում: Նրա խոսքով`  դրանք ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տրամադրում է սոցիալական արդարության սկզբունքով: Խոցելի համայնքների 6-10 տնտեսություններ համախմբվում են, ստեղծում ասոցիացիա և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նրանց հետ պայմանագիր է կնքում, որպեսզի ստեղծվի պասիվ արևային ջերմոց, որի նրանք կարող են օգտվել կլոր տարին: Սայադյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներով անտառի վրա ճնշումները կնվազեն գոնե 20-30 տոկոսով:

Անդրադառնալով ծրագրի շնորհիվ հակակարկտային ցանցերի տրամադրմանը, Սայադյանը նշեց, որ այդ մասով համագործակցում են ՀՀ ԱԻՆ-ի հետ և արդեն իսկ տրամադրել են Տավուշ, Իծաքար, Վարագավան համայնքներին: «Ծրագիրը նոր է սկսել և հույս ունենք ընդարձակել: Մարդկանց կողմից հետարքրություն կա նաև Դիտավան, Խաշտարակ, Գանձաքար համայնքներին տրամադրելու համար: Ցանցերը երկու տեսակի են` խաղողի այգիների համար, որոնք շարային են և պտղատու այգիների համար, որոնք կանոնավոր դասավորություն ունեն: Ցանցը ունի 4 մետր լայնություն և 80 մետր երկարություն»,- ասաց նա:

Սայադյանի տեղեկացմամբ` ծրագրի մեջ նախատեսված է նաև 200 հազար դոլարի դրամաշնորհ, որպեսզի անտառամերձ համայնքները ներկայացնեն կենսունակ ծրագրեր, ինչի արդյունքում անտառի վրայից հնարավոր կլինի վերացնել ճնշումը: «Բացի դա, ունենք նաև համայնքային ծրագրեր մոտ կես միլիոնի չափով, որը կնպաստի համայնքների կայուն եկամուտ ստեղծելուն: Օրինակ` հակակարկտային ցանցը»,- հավելեց նա:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ