Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս

Սիրիական պատերազմի սկզբից Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական պատերազմից բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը նրանց նկատմամբ որդեգրել է ջերմ և հյուրընկալ մոտեցում:

«Նրանց նկատմամբ քաղաքականությունը չի տարվում որպես փախստականների: Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը: Մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Տրվել է կրթական, մշակութային գործունեություն ծավալելու, աշխատանքի տեղավորման հնարավորություն: Բազմաթիվ քայլեր ձեռնարկեցինք, որ նրանք հեշտ ինտեգրվեն: Պետության, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից ամեն ինչ արվել է, որ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն, համալսարաններում ուսման վարձը փոխհատուցվի, բնակարանային կարիքներն ենք հոգացել: Աջակցել ենք բիզնեսների ձևավորմանը` տալով արտոնյալ պայմաններով վարկեր»,-ասաց Լևոն Անտոնյանը:

Նա նշեց, որ Հալեպում իրավիճակի կայունացումից ի վեր, որոշ ընտանիքներ ևս եկել են Հայաստան, ընթացիկ տարում շուրջ 75 հոգի տեղափոխվել է Երևան: Կան սիրիահայեր, որոնք Հայաստանից տեղափոխվում են Հալեպ, սակայն դրանք առանձին դեպքեր են, որևէ հոսք չի նկատվում:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ  Բարսեղյանը նշեց, որ սիրիահայերի առաջնային խնդիրներից է աշխատանքի հարցը:

«Հայաստանում սիրիահայերն աշխատում են, սակայն աշխատանքի վարձատրությունն այն չէ, ինչ Սիրիայում էր, դա, իհարկե, խեղճացնում է, սակայն, չնայած դժվար պայմաններին, շատերը նախընտրում են մնալ այստեղ»,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Նրա խոսքով՝ սիրիահայերի աշխատանքային հմտությունները զարգացած են, նրանք տիրապետում են լեզվին, տարբեր ոլորտներում դրսևորվելու հնարավորություն ունեն: Սիրիահայերը հիմնական հանդես են գալիս սպասարկման ոլորտում` բացել են սեփական ռեստորաններ, սննդի կետերը: Աշխատում են արվեստի, գիտության, առողջապահության ոլորտում:

«Առաքելություն Հայաստան» ՀԿ Փախստականների հարցերով ծրագրերի բաժնի ղեկավար Սոֆի Ներսիսյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են տարբեր երկրների փախստականների հետ: Այս տարի իրենց հիմնական շահառուների թիվը հասել է 6 հազարի:

«Նրանք մեր սիրիահայ հայրենակիցներն են, ինչպես նաև փախստականներ Ադրբեջանից, Իրաքից, Իրանից: Աշխատում ենք նաև ապրիլյան պատերազմի հետևանքով Թալիշից, Արցախի այլ շրջաններից  տեղահանվածների հետ: Մատուցում ենք սոցիալ-առողջապական ծառայություններ, տրամադրվում է խնամք, հումանիտար օգնություն, դրամական աջակցություն, բնակարանի վարձի մասնակի փոխհատուցում, սոցիալական տներով ապահովում: Պետք է նշեմ, որ փախստականները հիմնականում կացարանային խնդիր ունեն, ինչպես նաև աշխատանքի»,-ասաց նա:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ