Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնում քննարկվեցին հողերի և անտառի կայուն կառավարման խնդիրները

«Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնում քննարկվեցին հողերի և 
անտառի կայուն կառավարման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնում հունիսի 15-17-ին «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում /UNDP/GEF»  ծրագրի շրջանակներում կայացավ սեմինար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված սեմինարը նվիրված էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների  անտառկառավարման պլանների վերանայման աշխատանքներին:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանի խոսքով` սեմինարն անցկացվում է՝ հաշվի առնելով կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների, կլիմայի փոփոխության և համայնքների կողմից պաշարների օգտագործման նկատառումները:

«Միջոցառմանը մասնակցություն են ունեցել ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, Իջևանի և Նոյեմբերյանի անտառտնտեսությունների, մարզի համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- ասաց Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց ծրագիրը: Նրա խոսքով` դրա տևողությունը նախնական 4 տարի է` 2016-2019 թթ., սակայն կես տարի ուշացմամբ սկսելու պատճառով այն կարող է շարունակվել մինչև 2020 թվականը: Ծրագրի օբյեկտ հանդիսանում են Լոռու և Տավուշի մարզերի 11 անտառտնտեսություններ և 9 հատուկ պահպանվող տարածքները: «Ծրագրի նպատակն է անտառտնտեսության կառավարման պլանները վերանայել, քանի որ յուրաքանչյուր 10 տարին մեկ դրա անհրաժեշտությունը կա: Այժմ այն կատարվում է ոչ թե նախկին մեթոդաբանության հիման վրա, այլ  նրան ավելացնելով նոր հավելվածներ` էկոհամակարգային ծառայություններ, ածխաթթու գազի արդյունավետ կլանման, կենսաբազմազանությունը և հնարավորիս շատ համայնքների ներգրավումն անտառկառավարման գործընթացներում»,- ասաց նա` հավելելով, որ այդ ամենը ստեղծելու են միասնական էլեկտրոնային հարթակի վրա, որպեսզի լինի ինտերակտիվ քարտեզ և տվյալների բանկ, որ ցանկացած ժամանակ փոփոխությունների դեպքում դրանք հնարավոր լինի ինտեգրել այդ հարթակ:

«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 1998թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կազմում՝ Պետական փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով:

Հետագայում վերակազմավորվել է պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական գործառույթներից են անտառի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակումը, անտառային պաշարների տեղեկատվական բանկի ստեղծում և օգտագործման արդյունավետ ձևերի մշակում, ինչպես նաև այդ բնագավառների համար կադրերի գործնական ուսուցում և ակադեմիական հաստատությունների համապատասխան մասնագիտացմամբ ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում:

Հարկ է նշել, որ վերջին 12 տարիներն կազմակերպության կողմից պատրաստվել են 5 անտառտնտեսությունների և 3 բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններ, ինչպես նաև Սևանա լճի ջրածածկ անտառտնկարքների մաքրման և էկոլոգիական հավասարակշռության վերականգնման նպատակով շուրջ 1100 հեկտար նոր անտառների հիմնման նախագծեր:  Իրականացվել է Հայաստանի բնության հուշարձանների գույքագրման, չափագրման  և քարտեզագրական աշխատանքները:

Սկսած 2000 թվականից Հայաստանում, հիմնականում Երևանում իրականացվել են անտառային և բնապահպանական խնդիրներին ուղղված միջազգային սեմինարներ, ուսուցողական ծրագրեր:  2007 թվականից նման միջոցառումները պարբերաբար անց են կացվում  հանրապետությունում եզակի նորակռույց  «Զիկատար» բնապահպանական ուսումնական  կենտրոնում,  որը  1970-ականներին եղել է ՀՀ գիտությունների  ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հենակետը և որի շրջական անտառներում տեղադրվել են տարբեր փորձահրապարակներ, որոնցում իրականացվում են մոնիտորինգային դիտարկումներ: Ուսումնական կենտրոնը գտնվում է Վրաստանի հանրապետության սահմանագլխին, ինչը հնարավորություն կնձեռնի համագործակցելու և կազմակերպելու մասնագետների համատեղ ուսուցումներ              և տարածաշրջանային հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ, կոնֆերանսներ:

Ներկայումս  150 հեկտար զբաղեցնող անտառխախտումներից զերծ մնացած անտառ տարածքը ստացել է պետարգելավայրի կարգավիճակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]