Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեպքերն ու իրադարձությունները Գիա Կանչելիի երաժշտության մեջ

Դեպքերն ու իրադարձությունները Գիա Կանչելիի երաժշտության մեջ

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Գիա Կանչելին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Մեր նվագախմբի համար չափազանց կարևոր է այս փառատոնը, քանի որ 10-15 տարի առաջ, երբ նոր էինք մուտք գործում այս ասպարեզ,  Գիա Կանչելին մեզ համար մեծ հեղինակություն էր: Երեկ հնարավորություն ունեցանք կատարել նրա գործերը, և կոմպոզիտորը դահլիճում էր: Երիտասարդ երաժիշտներիս համար դա մեծ պատասխանատվություն էր ու ոգևորություն: Շնորհակալ ենք նրան, որ չմերժեց մեզ ու եկավ Հայաստան»,-«Արմենպրես»-ի   հաղորդմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:

Կոմպոզիտոր Գիա Կանչելին ասաց, որ ինքը բազմիցս եղել է Հայաստանում, որտեղ հիանալի ընկերներ է ունեցել. Էդուարդ Միրզոյան,  Ալեքսանդր Հարությունյան,  Ավետ Տերտերյան: «Դիլիջանում վեց սիմֆոնիա եմ գրել, և ձեր երկիրն ինձ հարազատ է:  Կամերային և սիմֆոնիկ երաժշտությանը համընթաց վաթսուն տարի աշխատել եմ կինոյում և թատրոնում: Ասեմ, որ ֆիլմերի համար երաժշտություն գրելն ինձ երբեք չի խանգարել ավելի լուրջ գործեր ստեղծել»,-ընդգծեց նա:

Կանչելին հավելեց, որ իր ծանոթությունը երաժշտության հետ տեղի է ունեցել երաժիշտներ Գլեն Միլլերի, Օսկար Փեթերսոնի, Էլլա Ֆիցջերալդի միջոցով, որոնք իր վրա մեծ ազդեցություն են թողել: Կոմպոզիտորն ասաց, որ մինչ օրս սիրում է ջազ երաժշտությունը:

Նա շեշտեց, որ ժամանակի ընթացքում իր հայացքները տարբեր երևույթների շուրջ փոխվել են: «Մինչ 45 տարեկանը չէի սիրում Ֆրանց Շուբերտի գործերը: Հետո միայն ընկալեցի նրա երաժշտության ողջ գեղեցկությունն ու հանճարեղությունը»,-խոստովանեց Կանչելին:

Գիա Կանչելին ասաց, որ և՛ որպես մարդ, և՛ որպես երաժիշտ կյանքում կարևորում է ներքին գրաքննությունը, կարգուկանոնն ամեն ինչում ու փորձում է անկեղծ լինել իր ստեղծագործություններում: «Իմ երաժշտությամբ փորձել եմ ներկայացնել այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել տվյալ ժամանակահատվածում, և գուցե չհավատաք, բայց ինձ հուզում է աշխարհում կատարվող ամեն բան. իրավիճակն իմ հայրենիքում, Ռուսաստանում, քաղաքակիրթ ու ոչ քաղաքակիրթ աշխարհում»,-եզրափակեց նա:

Գիա Կանչելին «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

Փառատոնի շրջանակում հունիսի 18-ին և 20-ին «Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։ Իսկ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը կներկայացնեն Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:

Գիա Կանչելին ծնվել է 1935  թվականի օգոստոսի 10-ին Թբիլիսիում։  Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը, իսկ 1959 թվականին` Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը:

Հետագայում ընդունվել է Թբիլիսիի կոնսերվատորիա և 1963 թվականին ավարտել կոմպոզիցիայի բաժինը: Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայի գործիքագիտության բաժնում, այնուհետև վարել Թբիլիսիի  Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի երաժշտական մասը։

Գիա Կանչելին սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների, բազմաթիվ ներկայացումների և տասնյակ կինոնկարների երաժշտության հեղինակ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]