Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի նախագծերը

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի 
նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:  Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ: Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում. «Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը»:

Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը: Մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժն ավելի դյուրին դարձնելու նպատակով էլ առաջարկվում է մյուս ուղիներին զուգահեռ կիրառել չորրորդ՝ «կապույտ ուղի» ընթացակարգը: Կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս  համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի: Իրենց հերթին դրական գնահատելով առաջին փուլի արդյունքները, հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ երկրորդ փուլից նույնպես էական սպասումներ ունեն:

       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am