Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Քիչ կոսմետիկ միջոցներով էլ կարելի է գեղեցիկ լինել». Մարիաննա Մուկուչյան

«Քիչ կոսմետիկ միջոցներով էլ կարելի է գեղեցիկ լինել». Մարիաննա Մուկուչյան

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրը՝ վարսահարդար-դիմահարդար Մարիաննա Մուկուչյանն իր տաղանդի և ստեղծագործ մտքի շնորհիվ հաջողությունների է հասել արտերկրում: Նա աշխատում է բոլիվուդյան աստղերի (Հնդկաստան), տարբեր երկրներում ապրող և աշխատող մոդելների, այդ ասպարեզում գործող այլ մասնագետների  հետ: Մարիաննա Մուկուչյանն այժմ Հայաստանում է: «Արմենպրես»-ի  թղթակիցը զրուցեց դիմահարդար-վարսահարդարի հետ:

-Ի՞նչ էիք երազում դառնալ, երբ փոքրիկ աղջնակ էիք:

-Ցանկանում էի պարուհի դառնալ: Դեռ Հայաստանում ապրելու տարիներին պարով էի զբաղվում:  Երբ տեղափոխվեցինք Գերմանիա, պարում էի մի խմբում, որը գեղեցիկ ու հետաքրքիր շոու ծրագրերով էր հանդես գալիս տարբեր երեկույթների ժամանակ: Հենց այդ տարիներին զբաղվում էի խմբի անդամների շպարով և վարսահարդարմամբ: Ինձ դա շատ էր դուր գալիս: Որոշեցի մասնագիտանալ այս ոլորտում, և,  կարծես թե, ստացվեց:

-Դուք բազմաթիվ լուսանկարային շարքեր ունեք: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հաճախ որպես մոդել եք հանդես գալիս:

-Նորաձևության ասպարեզում ընկերներս շատ են: Նրանք երբեմն ինձ խնդրում են նկարահանվել իրենց համար, ես չեմ մերժում ու սիրով աջակցում եմ: Բայց որքան էլ հաճելի լինի այդ գործընթացը, միևնույն է, դիմահարդարի մասնագիտությունն ինձ համար առաջնային է: Նշեմ, որ աշխատում եմ նաև բազմաթիվ հեղինակավոր ամսագրերի համար որպես  դիմահարդար-վարսահարդար:

-Համագործակցում եք բոլիվուդյան  հայտնի դերասանների հետ: Ինչու՞ են նրանք վստահում ձեզ, ո՞րոնք են, ըստ ձեզ,  ձեր  ձեռագրի առանձնահատկությունները:

-Չորս տարի առաջ եմ տեղափոխվել Հնդկաստան ու դանդաղ, սակայն հաստատուն քայլերով առաջ գնացել: Հնդիկ դերասանները սիրեցին իմ աշխատանքները, քանի որ ես չեմ փորձում շատ փոխել նրանց արտաքինը: Ձգտում եմ այնպիսի շպար և վարսահարդարում անել, որը կսազի ու կընդգծի նրանց առավելությունները, փորձում եմ նոր մոտեցումներ ցուցաբերել, նրանց արտաքին տեսքը նորաձև դարձնել, որը մոտ լինի եվրոպական ոճին:

-Աշխատում եք շատերիս սիրած հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայի հետ: Հե՞շտ է նրա հետ համագործակցելը:

-Շատ եմ սիրում նրան, քանի որ ջերմ է, ուշադիր: Այշվարիան կատարելության է ձգտում, ես՝ նույնպես. հավանաբար դա է պատճառը, որ լավ ենք հասկանում միմյանց: Նա գնահատում է իմ մանրակրկիտ, խնամքով կատարած աշխատանքը: Պետք է ընդգծեմ, որ իրականում էլ չափազանց հմայիչ կին է՝ մեծ կանաչ աչքերով ու հիանալի ժպիտով: Նրա գեղեցկությունն անտարբեր չի թողնում ոչ մեկին:

-«Եվրատեսիլ» երգի մրցույթին դուք էիք շպարել Իվետա Մուկուչյանին: Ձեր ճաշակները մի՞շտ են համընկնում:

-Շատ եմ ափսոսում, որ հեռավորությունը մեզ հաճախ է բաժանում: Այս տարի եկա Հայաստան Իվետայի և Արամ Mp3-ի «Դաշտերով» նախագծի շրջանակում քրոջս աջակցելու համար: Իվետայի դիմագծերը շատ լավ եմ ճանաչում, և ինձ համար հեշտ է նրա հետ աշխատելը, քանի որ գիտեմ, թե ինչն է նրան սազում, և ուրախ եմ, որ քույրս ինձ վստահում է:

-Ի՞նչ պարբերականությամբ եք գալիս Հայաստան: Հայրենիքում ունե՞ք ընկերներ, հարազատներ: Ի՞նչն եք այստեղ շատ սիրում:

-Ունեմ և՛ հարազատներ, և՛ ընկերներ: Ըստ իս, Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Սիրում եմ զբոսնել մեր մայրաքաղաքում, սիրում եմ քաղաքի փողոցները, սրճարանները, ռեստորանները: Շատ եմ կարոտում տեղի ուտեստները:

Երբեմն Իվետան ինձ տանում է ռեստորաններ, որտեղ եվրոպական ուտեստներ են մատուցում: Ամեն անգամ նրան խնդրում եմ հայկական կերակրատեսակներ պատվիրել: Նշեմ, որ ինձ համար շատ հաճելի է, որ քրոջս ճանաչում և սիրում են մեր հայրենիքում: Հպարտանում եմ նրանով:

-Հասցրե՞լ եք ծանոթանալ տեղի մասնագետների աշխատանքներին: Հայաստանի դիմահարդարներն ու վարսահարդարները կարողանու՞մ են միջազգային չափանիշներին համապատասխան գործեր ներկայացնել:

-Հայաստանում շատ են թե՛ լավ դիմահարդարները, թե՛ լավ վարսահարդարները: Կցանկանայի, որ մի քիչ այլ ոճով աշխատեին: Կարծում եմ, հնարավոր է գեղեցկություն ստեղծել քիչ կոսմետիկ միջոցներով, որոնք, իհարկե, պետք է որակյալ լինեն: Հայաստանում մասնագետները շատ են սիրում, որ մազը լինի կատարյալ ուղիղ կամ կատարյալ թեք: Այնինչ՝ այն կարող է նույնիսկ մի քիչ թափթփված, ավելի թեթև ու բնական լինել, ինչը նույնպես գեղեցիկ է:

-Որտեղի՞ց եք վերցնում նոր գաղափարները:

-Ինձ այս հարցում շատ են օգնում ճանապարհորդությունները, ծանոթություններն այլ երկրների մշակույթների, ոճերի հետ: Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր ազգի գեղեցկուհի ունի իր յուրահատկություններն ու առանձնահատկությունները: Բոլորն էլ ինքնատիպ են, և ինձ հաճելի է աշխատել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ:

-Ունե՞ք, արդյոք, համագործակցության առաջարկներ հայրենիքում և այլ երկրներում:

-Պետք է վերադառնամ Հնդկաստան՝ տեղի դիզայներներից մեկի հետ աշխատելու: Այնուհետև Նյու Յորքում տեղի կունենա «Բոլիվուդի» կինոմրցանակաբաշխությունը, որը համարժեք է ամերիկյան  «Օսկար»-ին: Շատերի հետ եմ համագործակցելու  և պետք է նախապես ծանոթանամ նրանց գործերին: Հետո Հնդկաստանի մոդայի շաբաթվա ընթացքում աշխատելու եմ որպես վարսահարդար: Հույս ունեմ, որ շուտով դարձյալ կգամ Հայաստան:

Հարցազրույցը վարեց

Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]