Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հունիսի 19-ին արտահերթ նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման  վրա, ինչպես նաև  լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետ Կարապետյանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]