Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունը թիրախավորել է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ և աղքատության կրճատում

Կառավարությունը թիրախավորել է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ և 
աղքատության կրճատում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով:  

Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար ՀՀ կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը և աշխատա- տեղերին, հասարակական կյանքին, կրթությանը, գիտությանը, հետազոտություններին, մշակույթին, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։

Ըստ կառավարության, գործարար միջավայրի գործելաոճը պետք է հիմնված լինի ժամանակակից, կիրառական գիտելիքների և կառավարման հմտությունների վրա: Անհրաժեշտ է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները:

«Մեր նպատակը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի նկատմամբ, ինչն էլ մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի սփյուռքում բնակվող տարբեր ոլորտների կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները մասնակից դառնան մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,- ասված է ծրագրում:

ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Ըստ ծրագրի, դրանում նախատեսված միջոցառումների արդյունքային ցուցանիշները բացահայտում են այն թիրախները, որոնց նվաճմանն էլ միտված է լինելու ՀՀ կառավարության գործունեությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]