Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տուր փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու հավակնոտ ծրագրեր են իրականացվում

Տուր փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու հավակնոտ ծրագրեր են 
իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիստական փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու անհրաժեշտություն կա. ոլորտի  մասնագետների կարծիքով՝ աստղագետի և զբոսավարի համատեղ աշխատանքն ու համալիր ծառայությունների կազմակերպումը կնպաստեն աստղադիտարանը տուր փաթեթներում ներառելուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Աստղադիտարանը դեռ պայմանագրեր չունի տուրիստական ընկերությունների հետ, բայց արդեն ձեռնարկում ենք որոշակի քայլեր: Մենք կապեր ենք հաստատում ընկերությունների հետ, նրանց հրավիրում ենք գիտական տուրիզմի վերաբերյալ կոնֆերանսների, կազմակերպում ենք այցելություններ բազմաթիվ վայրեր: Առաջարկել ենք նաև կազմել համատեղ փաթեթներ»,-ասաց Արեգ Միքայելյանը:

Թեև աստղադիտարանի տնօրենն ասում է, որ դեռ ոչ մի պայմանագիր չունեն տուր ընկերությունների հետ, սակայն Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ աստղադիտարանը որոշ տուր փաթեթներում ներառված է, որոշներում էլ՝ ոչ՝ կախված  տվյալ ընկերության  մասնագիտացումից: Նրա կարծիքով՝ տուր փաթեթներում աստղադիտարանը չներառելու խնդիրներից մեկը համալիր ծառայությունների բացակայությունն է: «Պետք է ավելի լավ ձևավորել ներկայացվող ծառայությունների փաթեթները, զուգահեռաբար նպաստել դրանց  ու աստղադիտարանի ներկայացվածությանը շուկայում, աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ: Պետք է կարողանալ զբոսաշրջիկներին մատուցել համալիր ծառայություններ՝ աշխատելով նաև Բյուրականի հյուրանոցային տնտեսությունների հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:  Նրա խոսքով՝ նոր աշխատանքներից հետո միայն կարելի է հրավիրել ընկերություններին, կազմակերպել ճանաչողական այցեր:

Իսկ աստղադիտարանի տնօրենի կարծիքով՝ տուր փաթեթներում ներառված չլինելու պատճառներից է զբոսավարների խնդիրը: «Սովորական զբոսավարը չի կարող գիտական ինստիտուտը ներկայացնել պատշաճ մակարդակով, նույնիսկ եթե անգիր անի տեքստը: Աստղագետն էլ չի կարող զբոսավարի նման վարժ, գեղեցիկ ներկայացնել»,-ասաց Միքայելյանը:

Նրա խոսքով, սակայն, դեռ չեն եկել ճիշտ եզրակացության՝ աստղագետները ներկայացնեն, թե պրոֆեսիոնալ զբոսավարները սովորեն այդ մասին և պատմեն կամ երկու մասնագետներն էլ պիտի ներկա լինեն զբոսաշրջիկներին աստղադիտարանը ներկայացնելիս: Այնուամենայնիվ, զբոսավարների համար նման դասընթացներ և միջոցառումներ եղել են անցյալ տարի, և ապագայում ևս կկազմակերպվեն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]