Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Ֆոտոխմբագրման ոլորտում PicsArt-ը ձեռնոց է նետում համաշխարհային առաջատարներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների հետ համաքայլ առաջ շարժվող PicsArt ընկերության  հավելվածները ներգրավում են ավելի ու ավելի մեծ թվով օգտատերերի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ընկերություն եւ ծանոթացել թե աշխատակազմի հետ, թե այն հնարավորություններին, որոնք առաջարկում է ընկերությունը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Վահան Մարտիրոսյանի եւ ընկերության համահիմնադիրների  հետ միասին Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, որտեղ նրան ներկայացվել են  վերջին տարիներին իրականացված զարգացման ծրագրերը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Վահան Մարտիրոսյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՏՏ ոլորտը  երկրի գերակա ուղղություններից է, այդ իսկ պատճառով  Նախագահն անձամբ այցելելու ցանկություն է հայտնել: 

«Այսօրվա այցի ընթացքում հանագործակցության ծրագրեր չեն քննարկվել, սակայն նախարարության ներսում միշտ քննարկում ենք տարբեր ծրագրեր, ՏՏ ոլորտի ընկերություններն էլ մասնակցում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների  հետ զրույցում ասաց նախարարը:

Ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը տեղեկացրեց, որ աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման հավելվածն ամսական ունենում է 90 մլն օգտատեր:

«Պատրաստում ենք հավելվածներ հեռախոսների համար: Այժմ ընկերությունն ունի 350 աշխատակից, մինչդեռ հիմնադրման հենց սկզբում նրանք  մոտ 10-ն էին: Ընկերությունը ոլորտում առաջատարն է. իհարկե  ունենք այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են, օրինակ,  Adobe Photoshop ծրագիրը, որը  մեծամասամբ օգտագործվում է համակարգիչների վրա, բայց հեռախոսների վրա՝ ոչ այդքան, եւ այս առումով զիջում է մեզ: 5 տարվա ընթացքում  400 մլն օգտատեր ենք ունեցել, եւ կարող եմ ասել, որ ընկերության հաջողությունը մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է գրանցվել: Ունեցել ենք նաեւ անհաջողություններ, սակայն  մեր ստեղծագործ աշխատողների, ինժեներների, մենեջերների շնորհիվ կարողացել ենք հասնել սրան՝ չմտածելով, որ նման հաջողություն կարող ենք ունենալ:   Սա իմ առաջին ընկերությունը չէ, որ ունեցել է հաջողություն: Այն պարզապես մի հնարավորություն է  Հայաստանը ներկացնելու ՏՏ ոլորտում որպես առաջատար երկիր: Մեր հաջողության բանալին այն է, որ ճիշտ ուղղություն վերցրինք եւ համբերատար եղանք»,-ասաց ընկերության գործադիր տնօրենը, ով նաեւ տեղեկացրեց, որ համագործակցում են բուհերի հետ՝ կազմակերպելով մի շարք դասընթացներ:

Հենց տեղում ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արուսյակ Կանեցյանը ցուցադրեց, թե ինչպես կարելի է նկարները զանազան փոփոխությունների ենթարկել՝ օգտագործելով  հավելվածի  առաջարկած 3000 գործիքները:

Ժաննա Պետրոսյանը 2 տարի է՝ աշխատում է PicsArt ընկերությունում որպես Որակի ապահովման գծով օգնական՝ հնարավորինս փորձելով նվազեցնել հավելվածի օգտագործման ճանապարհին առաջացող խնդիրները եւ նպաստել որակի բարձրացմանը:

«Այնպես ենք անում, որ  օգտատերը հնարավորինս արդյունավետ եւ անսխալ օգտվի հավելվածից, յուրաքանչյուր  փոփոխություն կատարելու դեպքում չունենա անհարմարություն»,-ասաց նա:

Ընկերության աշխատակցի կարծիքով՝ PicsArt-ը մեծ հնարավորություններ է տալիս այն օգտատերերին, ովքեր ցանկանում են յուրօրինակ, արտիստիկ նկարներ ստանալ,   օգնում է  ամենահամարձակ երեւակայությունը վերածել նկարի նրանց, ովքեր միգուցե իրականում այդքան էլ լավ չեն նկարում:

«Ես իմ հետագա գործունեությունը դեռ  այստեղ եմ պատկերացնում, անելիքներ ունեմ, քանի որ  ընկերությունը աճի հնարավորություն է տալիս»,-ընդգծեց նա:

PicsArt ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին ԱՄՆ-ում: Ներկայումս գրասենյակներ ունի Սան-Ֆրանցիսկոյում, Տոկիոյում եւ Երեւանում:

Նախագահը նաեւ ներկա է գտնվել Երեւանում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը:  Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել    աշխարհի 14 երկրներում եւ ունի ավելի քան 500 գործընկեր: Նախագահը նաեւ այցելել է ընկերության գրասենյակի հարեւանությամբ գտնվող ընկերության հիմնանորոգվող 32-րդ մասնաշենք, որը նախատեսված է ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար:

 



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ