Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրաքյան Քուրդիստանի անկախությունը սպառնալիք կլինի Թուրքիայի համար. Վահրամ Պետրոսյան

Իրաքյան Քուրդիստանի անկախությունը սպառնալիք կլինի Թուրքիայի համար. Վահրամ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քուրդիստանի անկախությունը տարածաշրջանում լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը նշեց, որ հանրաքվեն կապված է արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների հետ:

«Նախ ասեմ, որ անկախության  հանրաքվե անցկացնելն ու պետության անկախությունը դեռ նույնը չէ: Այսօր բազմաթիվ խնդիրներ կան թե ներքին, թե արտաքին: Երկրում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ սրված է: Քրդական տարբեր կուսակցությունները լուրջ տարաձայնություններ ունեն՝ հատկապես հանրաքվեի անցկացման հարցում: Եթե իշխող ուժը գտնում է, որ սա առավել քան հարմար պահ է, ապա քրդական շատ  կազմակերպություններ հանրաքվեի անցկացման պահն աննպատակահարմար են համարում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ Իրաքյան Քուրդիստանի անկախությունը կլինի սպառնալիք Թուրքիայի համար, իսկ Թուրքիայի քրդական բնակչությունը, կամա թե ակամա, կներգրավվի հանրաքվեի նախընթաց և հետընթաց գործընթացներում: Այստեղ բախումներն անխուսափելի են:

Ինչ վերաբերում է այլ արտաքին ուժերին, ապա Վահրամ Պետրոսյանը նշեց, որ միայն Իսրայելն է միանշանակ հայտարարում, որ հանդես է գալիս Քուրդիստանի անկախության օգտին: Մնացած երկրներն էլ չեն արտահայտվում քրդերի ինքնորոշման իրավունքի դեմ:

«Սակայն այստեղ մի հանգամանք պետք է ընդգծել. միջազգային խոշոր խաղացողները հայտարարում են, որ պահը հարմար չէ, իսկ դա նշանակում է, որ նրանք Քուրդիստանի բուն անկախացման փաստին դեմ չեն, պարզապես, կարծում են, որ ժամանակը հարմար չէ»,-ասաց Վահրամ Պետրոսյանը:

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հայտարարել են, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացվի: Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին թվիթերյան էջում գրել է. «Ուրախ եմ հայտարարել, որ անկախության հանրաքվեի ամսաթիվ է որոշվել 2017 թվականի սեպտեմբերի 25-ը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]