Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ հյուպատոսություն բացելու նախաձեռնությունը կարևոր քայլ է. Վահրամ Պետրոսյան


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության` Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ հյուպատոսություն բացելու նախաձեռնությունը կարևոր քայլ է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը նշեց, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում դա նշանակալի գործընթաց է:

«Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ հյուպատոսություն բացելու վերաբերյալ քննարկումները վաղուց էին ընթանում: Հյուպատոսության բացումը սկզբունքային որոշում է, այն էականորեն կնպաստի Հայաստանի ու Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության հարաբերութունների զարգացմանը»,-ասաց Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այս հյուպատոսության հետ կապված քրդական կողմը մեծ հույսեր է կապում, բազմաթիվ քուրդ գործիչների շրջանում Հայաստանի հետ կապված դիսկուրսը բավական դրական է:

«Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությունը Հայաստանը դիտարկում է նաև տարածաշրջանի համատեքստում: Դրանից բացի, կարևորում է տնտեսական գործոնը: Մեծ հույսեր են կապում ներդրումների հետ, նույնիսկ նշում են բնագավառներ, որտեղ Հայաստանը կարող է օգտակար լինեն: Կարևորում են առողջապահական համակարգը, համագործակցության եզրեր են փնտրում գյուղատնտեսության բնագավառում: Նախանշում են համագործակցություն կրթական ոլորտում, հազարավոր քրդեր պատրաստ են գալ Հայաստան կրթություն ստանալու»,-ասաց Վահրամ Պետրոսյանը` նշելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանը դրական իմիջ ունի: Այժմ Հայաստանի խնդիրն է աշխատել այդ ուղղությամբ:

Վահրամ Պետրոսյանը նաև նկատեց, որ Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությունը Հայաստանին դիտարկում է ռեզերվային տարբերակ: Իրենք նույնպես հասկանում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են գնալ տարբեր ուղիներով և իրենց անհրաժեշտ է որոշակիորեն բարելավել հարաբերությունները հայ-քրդական իրողությունների կոնտեքստում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ