Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով պետք է զսպի Ադրբեջանի նման սանձազերծ պետությանը. Դավիթ Բաբայան

Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով պետք է զսպի  Ադրբեջանի 
նման սանձազերծ պետությանը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆԸ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալում է կոշտ, հասցեական հայտարարություն՝ ուղղված հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական շփման գծում եւս մեկ անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորմանը: Նրա խոսքով՝ նման կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով միջազգային հանրությունը պետք է զսպի այդ  սանձազերծ պետությանը:

«Երեկվա իրադարձությունները պետք է դիտարկել երկու հարթությունում. մեկը՝ մարդասիրական, եւ այս առումով սա իրոք ողբերգություն է, մենք անդառնալի կորուստներ ունեցանք՝ երեք զոհ: Բոլորս այդ կորուստները որպես անձնական կորուստներ ենք  համարում՝ ողջ Արցախը եւ հայությունը, ես համոզված եմ: Նման կորուստները ընդհանրապես չեն մարսվում: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հարթությանը, որեւէ արտառոց  բան տեղի չի ունեցել, այսինքն՝ հակառակորդը  շարունակում է  իր ապակառուցողական, ֆաշիստական, ահաբեկչական գործողությունները:  Տեղի ունեցան  ահաբեկչի պահվածքին  վայել գործողություններ. թաքստոցներից, հեռու տեղերից կրակոցներ նռնականետերի, ականանետերի միջոցով, եւ երեք հոգի, պաշտպանելով հայրենիքի սահմանները, զոհվեցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նման գործողությունները միջազգային հանրության կողմից միանշանակ պետք է արժանանան համապատասխան գնահատականի:

«Ընդհանրապես, ոչ տրամաբանական օրինաչափություն գոյություն ունի. երբ համանախագահները պիտի գան տարածաշրջան, կամ այցի ժամանակ, կամ դրանից հետո հակառակորդը դիմում է այսպիսի աննորմալ քայլի: Գիտենք, որ համանախագահները մի քանի օրից պետք է լինեն Բաքվում. նրանք առաջին անգամ գնում են Բաքու վերջին կոշտ  հայտարարությունից եւ երեկվա իրադարձությունից հետո: Կարեւոր է, որ նման հայտարարությունները պարբերական բնույթ ունենան, շարունակեն կոշտ լինել, որովհետեւ Ադրբեջանը փորձելու է այդ հայտարարությունը նսեմացնել: Այս անգամ ակնկալում ենք համանախագահների կողմից կոշտ վերաբերմունք Բաքվում»,-շեշտեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի նկատմամբ որեւէ հարգանք չունի այնպես, ինչպես հանցագործը կամ ահաբեկիչը՝ օրենքի նկատմամբ:

«Նրանք իրենց սեփական օրենքները չեն հարգում,  եւ իրենց օրենքները անմարդկային են, ինչպե՞ս կարող են հարգել միջազգային իրավունքը: Նրանք հարգում են ուժի իրավունքը, եւ դա երկու ձեւով պետք  դրսեւորվի. մի ձեւով մենք ենք զսպում այստեղ, մյուս ձեւով էլ միջազգային հանրությունը պիտի զսպի»,-եզրափակեց նա:

Հունիսի 16-ի երեկոյան՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ  երեք զինծառայողներ:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 16-ին հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]