Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/65. «Ֆարենհայթ 451»-ը ամենավաճառվածների աղյուսակում է


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս անգամ երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը զիջել է առաջատարի դիրքերը և երրորդն է:  Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը վերադարձել է մեր ցանկ և  չորրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Հինգերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Վեցերորդ տեղում է հայտնվել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» յոթերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է և զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը (թարգմանությունը՝ Լուսինե Հարոյանի): Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»:

Իններորդ տեղում Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: Գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 19-ին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 30
2 +1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 20
3 -2 Օսկար Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը» ԷդիթՊրինտ 15
4 *

Ջոն Բոյն «Զոլավոր

գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 10
5 +3 Դենիել Քիզ«Ծաղիկներ Էլջերնոնի համար» Անտարես 8
6 -1 Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» Անտարես 7
7 * Պաուլու Կոելյու«Ալքիմիկոսը» Անտարես 7
8 * Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 7
9 * Արամ Պաչյան«Ցտեսություն, ծիտ» Դարակ 6
10 -1 Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» ԷդիթՊրինտ 5


Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ