1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ-ն ու Տաջիկստանը կամրապնդեն փոխգործակցությունը միջազգային կառույցներում

ՀՀ-ն ու Տաջիկստանը կամրապնդեն փոխգործակցությունը միջազգային կառույցներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը լի երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու վճռականությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներով ընդունված երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կկառուցեն ռազմավարական գործընկերության հիման վրա, փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով։ 
Պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրային, տրանսպորտային, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում, ինչպես նաև գիտության, մշակույթի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։ 

Նախագահները հաստատել են, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության խորացումը երկու երկրների արմատական շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության հիման վրա ամբողջապես բխում է երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից և հանդիսանում հայ-տաջիկական միջպետական փոխգործակցության առանցքային տարր։
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի շահ խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը իրենց հավատարմությունն են հաստատում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Կողմերը ճանաչում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման հարցում տարածաշրջանային կառույցների գնալով աճող դերի պայմաններում:

Հայաստանն ու Տաջիկստանը հաստատում են նաև իրենց պատրաստակամությունը հետագայում ևս փոխգործակցել գլոբալ մարտահրավերների և վտանգների՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ ձևերին հակազդման ոլորտում՝ հիմնվելով միջազգային համաձայնագրերի վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

Կողմերն ընդգծում են Հայաստան-Տաջիկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ընդլայնման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և ողջունում են նշյալ հանձնաժողովի համանախագահության մակարդակի բարձրացումը:
Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական, թեթև և վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]