Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում այսուհետ արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն կունենա կառավարությունը. Օրենսդրական փոփոխություն

ՀՀ-ում այսուհետ արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն կունենա 
կառավարությունը. Օրենսդրական փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Այսպիսի ամրագրումը հրամայական է ստեղծել նաև վերանայել արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության «նոր» դերը: Մասնավորապես, առանձին հոդվածներ խմբագրելով կամ լրացնելով հստակեցվել են ՀՀ կառավարության դերը և լիազորությունները` արտակարգ դրության հետ կապված իրավահարաբերություններում:

Բացի այդ` վերը բերված փոփոխությունները պայմանավորել են օրենքի որոշ հոդվածներում հասկացությունների վերախմբագրման անհրաժեշտություն: Մասնավորապես, առանձին հոդվածներում Նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես նաև վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերը:

Գործող իրավակարգավորումների համաձայն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Վերջինս լիազորված է արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու և իրականացվող միջոցառումների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին և այլն:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն մի դեպքում ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Ասվածը վերաբերելի է նաև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությանը` դրանից բխող իրավական հետևանքներով:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]