Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար կպահանջվի ավելի քան 1 միլիարդ դրամ

Զոլաքարում  խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար  կպահանջվի ավելի քան 1 միլիարդ դրամ

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի  Զոլաքար գյուղում 2017 թվականի հունիս ամսի դրությամբ ավարտվել  է խմելու ջրի մատակարարման համակարգի արտաքին ցանցի կառուցումը պետական միջոցների հաշվին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը, գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը  ներառել է 17 կիլոմետր երկարության ջրատարի, վեց աղբյուրակապի, օրվա կարգավորիչ 3 ջրամբարների կառուցում, որի աշխատանքները սկսվել են 2016 թվականի հունիսից եւ ավարտվել այս տարվա մայիսի ընթացքում: Շինարարությունն իրականացվել  է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից տրամադրված միջոցների հաշվին: Զոլաքարի գյուղապետարանի ներդրումը կազմել է շինարարության նախագծանախահաշվային արժեքի 10 տոկոսը:«Շինարարությունը նախատեսված է կատարել  2 փուլով, որի առաջին փուլը կարելի է ավարտված համարել: Առաջին փուլում «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ շինարարների կողմից կառուցվել է 17 կիլոմետր երկարության արտաքին ցանց, երկու հատ 800 տոննա տարողության եւ մեկ հատ 120 տոննա տարողության օրվա կարգավորիչ ջրամբարներ, 6 աղբյուրակապեր:Երկրորդ փուլում նախատեսվում է գյուղի ներքին ցանցի ամբողջական կառուցումը, որը կկազմի 67 կիլոմետր ընդհանուր երկարություն եւ կպահանջի ավելի քան 1 միլիարդ դրամ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման համար այս պահի դրությամբ համապատասխան միջոցներ դեռեւս գտնված չեն, բայց Զոլաքարի գյուղապետարանն իր բյուջեի միջոցներից 86 միլիոն դրամ է հատկացրել՝ Զոլաքարի կենտրոնական ճանապարհի երկարությամբ անցնող ջրատար ներքին ցանցի կառուցման համար, քանի որ այս օրերին «Համաշխարհային բանկի» միջոցներով  հիմնանորոգվում է նույն կենտրոնական ճանապարհը, որի աշխատանքները չդանդաղեցնելու նպատակով էլ գյուղապետարանի կողմից լուծում է տրվել այդ հրատապ  խնդրին:

«Այս օրերին շարունակվում է Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատումը: Զոլաքարով անցնող կենտրոնական ճանապարհի երկարությունը կազմում  է 3030 մետր երկարություն, որտեղ ամբողջությամբ պետք է փոխվի խմելու ջրատարի ներքին ցանցը, տեղադրվեն 14 կարգավորիչ դիտահորեր, ճանապարհի երկու կողմերի անմիջական հարեւանությամբ ապրող 74 տնտեսություններում պետք է կատարվեն ներտնային միացումներ  եւ հաշվիչների տեղադրումներ:Տեղական բյուջեից հատկացված 86 միլիոն դրամի հաշվին սկսվել է շինարարությունը հունիսի սկզբներից: Ծրագրով այն նախատեսված է ավարտել օգոստոսին, սակայն  շինարարները կձգտեն շինարարությունն ավարտել հունիսի վերջերին, որպեսզի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները չձգձգվեն: Միաժամանակ միջոցներ ենք որոնելու՝ գյուղի ջրատար ներքին ցանցն ամբողջությամբ կառուցելու համար, որպեսզի կարողանանք լուծում տալ շուրջօրյա ջրամատակարարման ապահովման  խնդրին»,-շարունակեց համայնքի ղեկավարը:  Խմելու ջուրը Զոլաքար է բերվելու Վարդենիսի լեռնաշղթայի Մեծ թամբի ձոր կոչվող աղբյուրներից, որոնց հզորությունը գնահատվում է 15-30 լիտր վայրկյանի սահմաններում: Սակավաջուր տարվա նվազագույն քանակությունն անգամ կբավարարի գյուղի պահանջները: Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգը մինչ այժմ սնվում է 2 հիմնական աղբյուրներից եւ խորքային հորերից, որոնց քանակությունը քայքայված ներքին ցանցի առկայության պայմաններում բացառապես չի բավարարում բազմահազարանոց գյուղի պահանջները: Գյուղի բնակչությունը խմելու ջուր այժմ ստանում է 2-3 օրը 1 անգամ՝ 2-3 ժամ տեւողությամբ:

«Հսկայական գործ արդեն արվել է, բայց ներքին ցանցի բացակայությամբ այն դեռ կիսով չափ է կատարվել: Ներքին ցանցը, որը կառուցվել է նախորդ դարի կեսերին, ազբոխողովակներով, ընդհանրապես պիտանի չէ հետագա շահագործման համար: Մեր կողմից կառուցվող նոր համակարգը կամբողջանա միայն ներքին ցանցի կառուցմամբ, որով եւ մոտ 8 հազար բնակիչ ունեցող Զոլաքարը վերջապես կազատվի խմելու ջրի հիմնախնդրից եւ կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ, ինչի մասին երազել է տասնամյակներ շարունակ»,-ամփոփեց Արման Ղազարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]