Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ստամբուլ-Բաքու չվերթի օդանավի կողմից Արցախի օդային տարածքը հատելու լուրերը

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ստամբուլ-Բաքու չվերթի օդանավի կողմից Արցախի 
օդային տարածքը հատելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ. չի բացառվում, որ Արցախի օդային տարածքով անցած լինեն նաև Թուրքիայից իրականացվող չվերթներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քաղաքագետ Գագիկ Համբարյանի ուսումնասիրությամբ սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե Flightradar24.com կայքի տվյալներով հունիսի 12-ին Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ընկերության Airbus A321-231 օդանավն անցել է Արցախի օդային տարածքով:

«Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան,  Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն,  բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք: Ի վերջո, եթե նույնիսկ Արցախի տարածքով Ստամբուլից Բաքու չվերթ է տեղի ունեցել, մենք Ադրբեջանը չենք, որ ահաբեկչական գործողություններով զբաղվենք: Դա Ադրբեջանի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, «Ալ Քաիդա»-ի ոճն է: Եթե նույնիսկ տեսականորեն նման չվերթ տեղի ունենա, մեզ համար դա խնդիր չէ: Սա ցույց է տալիս, որ Արցախը նորմալ, քաղաքակիրթ երկիր է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դիտարկմանը, թե Բաքուն այլ երկրների ավիաընկերություններին կոչ է անում շրջանցել Արցախի օդային տարածքը, քանի որ այն վտանգավոր է, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ դրանք կեղծ և շինծու կոչեր են: «Եթե թուրքական ինքնաթիռը իսկապես հատել է Արցախի օդային տարածքը, դա խոսում է հենց այն մասին, որ դրանք կեղծ կոչեր են: Իրենք մեկ բան ասում են, սակայն այլ բան են անում: Եթե վտանգավոր է Արցախի օդային տարածքը, ինչի՞ համար են իրենք այդ տարածքով չվերթ իրականացնում»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և դատապարտի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մակարդակով հնչող սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանից չվերթ իրականացնող օդանավերը խոցելու մասին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]