1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բուլղարիայի փոխվարչապետն ընդգծել է Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը

Բուլղարիայի փոխվարչապետն ընդգծել է Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հունիսի 12-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետի տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության հարցերով տեղակալ Վալերի Սիմեոնովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը դեսպան Սարգսյանը շնորհավորել է Վալերի Սիմեոնովին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու պաշտոնում:

Քննարկվել են երկկողմ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սարգսյանը փոխվարչապետին համառոտ ներկայացրել է հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղմթերքի վերամշակման ոլորտները: Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները՝ կոչ անելով Բուլղարիայի կառավարությանն աջակցել այն ընկերություններին, որոնք ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում: Որպես համագործակցության հնարավոր ոլորտ նշվել է նաև հանքային ջրերի արտադրության և դրանց հիման վրա վերականգնողական և բուժական հաստատությունների ու հանգստյան տների կառուցման, ինչպես նաև համատեղ շահագործման հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ բնագավառում բուլղարական կողմի մեծ փորձը:

Փոխվարչապետին տրամադրվել են նյութեր Հայաստանի գործարար միջավայրի, տնտեսական ազատ գոտիների և ներդրումային բազմազան ծրագրերի վերաբերյալ՝ շահագրգիռ մարմիններին և ընկերություններին փոխանցելու խնդրանքով։

Փոխվարչապետ Սիմեոնովը կարևորել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս հարցում առկա մեծ ներուժի օգտագործումը: Զբոսաշրջության զարգացման նպատակով փոխվարչապետն ընդգծել է Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման և երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև երկու երկրներում փոխադարձ ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությունը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքներ և մարզեր հաստատել են բարեկամական կապեր, սակայն անհրաժեշտություն է առաջանում ակտիվացնելու այդ համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով նպաստել այդ հարաբերությունների աշխուժացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]