Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հատապտուղների հավաքում, գինու պատրաստում, գիշերակացով արշավներ. Տավուշում զարկ է տրվում ագրոտուրիզմին

Հատապտուղների հավաքում, գինու պատրաստում, գիշերակացով արշավներ. Տավուշում 
զարկ է տրվում ագրոտուրիզմին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում զարկ է տրվում ագրոտուրիզմի զարգացմանը: Մի խումբ տավուշցիներ  «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության շրջանակում քայլեր են ձեռնարկում մարզում ագրոտուրիզմը զարգացնելու համար: Նախաձեռնության հիմնադիր Գարիկ Փայտյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Տավուշում զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները մեծ են:

«Տավուշում գյուղատնտեսությունը մի կողմից խնդիր է, որովհետև չարչարանքը շատ է, չկան մեքենամեխանիզմներ, բազմաթիվ գործեր արվում են ձեռքով, սակայն մյուս կողմից դա կարելի է օգտագործել զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջիկին չի հետաքրքրում, թե գործարանում ինչպես է պանիր պատրաստվում, նրանց ավելի շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն ձեռքով պատրաստվում, իսկ այսօր Տավուշում ամեն ինչ արվում է ձեռքով ու բարձր որակով»,-ասաց Գարիկ Փայտյանը:

Նրա խոսքով, լրատվամիջոցներում, հասարակության մի մասի շրջանում Տավուշն ընկալվում է սահմանային կրակոցների համատեքստում: Իհարկե, դա կա, սակայն դա չի վերաբերում ամբողջ Տավուշին, կան բազմաթիվ անվտանգ վայրեր, որոնք կարելի է օգտագործել զբոսաշրջության նպատակով: «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության անդամները ուզում են ցույց տալ, որ Տավուշը չի ասոցացվում միայն կրակոցների հետ:

«Մենք ուզում ենք այդ կարծրատիպը կոտրել, հասարակությանը տեղ հասցնել այն, որ Տավուշում շատ այլ հետաքրքիր վայրեր կան թե պարզապես այցելելու, դրանք տեսնելու, թե ագրոտուրզիմի համար»,-ասաց նա:

Գաղափարն իրագործելու համար նախաձեռնությունը սկսեց արշավներ կազմակերպել, նպատակը ճանաչողական այցերով Տավուշի գեղատեսիլ վայրերը, բնության հրաշքները ցույց տալն է:

Որոշվեց մեկօրյա տուր կազմակերպել, ցույց տալ, որ մեկօրյա տուրով, ճիշտ երթուղի ընտրելով, հնարավոր է արդյունավետ հանգիստ անցկացնել: Օգտագործվել է  Ճամբարակ-Բերդ ճանապարհը, առաջին կանգառը եղել է Շառաչ ջրվեժի մոտ: Այս երթուղին  առանձնանում է այն հանգամանքով, որ ճանապարհի վրա տեղակայված են ագրոտուրիզմի պոտենցիալ հանգրվանները՝ հեռագնա արոտավայրերը, որտեղ մարդիկ իրենց անասունները պահում են տեղում էլ իրականացնում են կաթի վերամշակման գործընթացը: Հաջորդ կանգառը Տավուշ Բերդն էր, այնուհետև Նորաշեն գյուղը, Տավուշի ջրամբարը, Վարագավանքը:

Մարզում կան նաև խաղողի այգիներ, զբոսաշրջիկները սեզոնին կարող են մասնակցել խաղողի բերքահավաքին, գինու պատրաստման գործընթացին: Գարիկ Փայտյանը տեղեկացրեց, որ Մեղրի, հատապտուղների փառատոնի շրջանակում նախատեսում են այս տարի կազմակերպել մի քանի օրյա տուր:

«Մարդիկ ոչ միայն գան մասնակցեն փառատոնին, արդեն պատրաստի արտադրանքը տեսնեն, այլ մի քանի օր շուտ գալով, կարող են մասնակցել մեղրի պատրաստման արարողությանը, հատապտուղների հավաքմանը: Այսինքն՝ գյուղատնտեսական ցանկացած աշխատանքին կարող են հետևել»,-ավելացրեց նա:

«Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնության հիմնադիրն ընդգծեց, որ երթուղին նախանշված է, ներուժը կա, տուրիստական ընկերությունների հետ աշխատանքը սկսվել է: Արդեն մեկ տուրիստական ընկերություն փորձնական ձիերով արշավ է կազմակերպել: Գարիկ Փայտյանը անհրաժեշտ է համարում տեղի բնակիչների հետ աշխատանքը, շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ագրոտուրիզմը:

Տավուշում զբոսաշրջության զարգացմանը կնպաստեն նաև իրականացվող ներդրումները: Մասնավորապես, Վերին Կարմիրաղբյուր գյուղում մեծ ներդրումներ են սպասվում, մասնավորապես, կառուցվում է սպորտային համալիր՝ իր  թենիսի դաշտերով, կացարաններով: «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնությունը նախատեսում հուլիսի  6-9-ը կազմակերպել վրաններով արշավ՝ ցույց տալով Տավուշի զբոսաշրջային ներուժը: Տուրի շրջանակում նախատեսվում է նաև կիթառահարների մրցույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]