Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը նորովի մատուցեցին հին հայկական երգերը

Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը նորովի մատուցեցին հին հայկական երգերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, դերասան, շոումեն Արամ MP3-ի և երգչուհի Իվետա Մուկուչյանի «Դաշտերով» նախագծի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 10-ին «Ոստան By Tsirani» ռեստորանային համալիրում:

«Ե՛վ Արամին, և՛ Իվետային շատ լավ եմ վերաբերվում, քանի որ նրանք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում փայլուն ելույթներ ունեցան: Կարծում եմ, որ նրանց  ձայնային տվյալներով, արտիստիկ կարողություններով հայկական ժողովրդական երգերի նորովի մեկնաբանությունը կարող է երիտասարդությանն առավել հետաքրքրել: Երբ նման նախագծեր են իրականացվում շնորհալի, տաղանդավոր երգիչների կողմից, դրանք դատապարտվում են հաջողության»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Արամի խոսքով՝ նախագծի շնորհիվ հնարավոր է ժողովրդական գեղեցիկ երգերը նոր հնչողությամբ, նոր շնչով ներկայացնել հանրության լայն շրջանակին: «Դրանք կարող են հնչել դիսկոտեկներում ու հաճելի ժամանց ապահովել երիտասարդների, նաև ավելի տարեց սերնդի ներկայացուցիչների համար: Հուսամ՝ երկրպագուները կհավանեն դրանք»,-ասաց երգիչր:

«Սիրով ենք աշխատել յուրաքանչյուր երգի ձևավորման վրա: Դրանք դեռ հասանելի չեն համացանցում, սակայն կհնչեն ռադիոյով, հետագայում գուցե նաև ձայնասկավառակ թողարկենք, կլինեն նաև տեսահոլովակներ: Հեռանկարում նոր երգերի էլ կանդրադառնանք»,-ընդգծեց Իվետա Մուկուչյանը:

«Դաշտերով» նախագծի շուրջ աշխատել են Լևոն, Լիլիթ Նավասարդյանները, Ռուդիկ Տեր-Գալստյանը, Վազգեն Պողոսյանը, DJ Սերժոն և այլք:

Երեկոյին Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը կատարեցին Ղափամա, Գութան, Քամին զանա, Ծիրանի ծառ և այլ հայտնի հայկական ժողովրդական երգեր: Նրանք  իրենց  ելույթներով  մեծ բավականություն պատճառեցին ներկաներին:

Միջոցառմանը ներկա էին հաղորդավարներ, դիզայներներ և երգիչներ:

Հայկական շոու բիզնեսի երկու ինքնատիպ երիտասարդ երգիչները վաղուց են համագործակցում երաժշտական ասպարեզում: Ամիսներ առաջ նրանք երաժշտասերներին ներկայացրին «Դաշտերով» երգը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը DJ Սերժոն է, իսկ խոսքերը գրել է երգահան Ավետ Բարսեղյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]