Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/64. «Դորիան Գրեյի դիմանկարը» գլխավորում է ամենավաճառվածների ցանկը


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այս շաբաթ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս անգամ երրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Աղյուսակ է վերադարձել և չորրորդ հորիզոնականը զբաղեցրել բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» գիրքը: Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Իր դիրքերը բարելավել և հինգերորդ տեղում է հայտնվել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Ամենավաճառվածների ցանկի վեցերորդ հորիզոնականում այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Համաշխարհային գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»  մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Ութերորդ տեղում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը զիջել է իր դիրքերը և իններորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» գիրքը: Ստեղծագործության հերոսի՝ Ամիրի համար օդապարուկ թռցնելու մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և, վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար կրկին լավը դառնալու հնարավորություն կար:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Քանակ
1 +1 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» 31
2 -1 Էդգար Հարությունյան «Չգտնված Երիցուկներ» 30
3 +2 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» 25
4 * Սվետլանա Ալեքսիևիչ «Ցինկե տղաները» 12
5 +2 Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» 10
6 +3 Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» 10
7 +1 Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» 7
8 +2 Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» 7
9 -1 Սպենսեր Ջոնսոն «Ուր է իմ պանիրը» 6
10 -7 Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ