Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ահաբեկչական գործողություններին Իրանի պատասխանը խիստ է լինելու. իրանագետ

Ահաբեկչական գործողություններին Իրանի պատասխանը խիստ է լինելու. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր տարածքում գրանցված ահաբեկչությանը Իրանի պատասխանը խիստ կլինի: Այդ երկիրն արդեն դիմել է պատասխան քայլերի՝ ցույց տալու, որ այդ ահաբեկչությամբ իրեն չեն կարող վախեցնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքով, Իրանում գրանցված ահաբեկչության ժամկետը պատահական չէր, այն համընկավ պրոիրանական քաղաքականություն իրականացնող Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի ի հայտ գալուն:

«Ահաբեկչական գործողություններով փորձ էր արվում ճնշել Իրանին: Ի՞նչ արեց Իրանը: Նախ՝ պատահական չէր Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի Անկարա կատարած այցը: Ինչպես գիտենք լուրջ քննարկումներ եղան Թուրքիայի նախագահի հետ: Թեպետ Թուրքիան միշտ ցանկացել է թույլ Իրան տեսնել, սակայն այս դեպքում երկու երկրների շահերը համընկել են, և նրանք համագործակցում են Կատարի հարցի շրջանակում»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Թուրքիայում Կատարը բավական մեծ ներդրումներ է անում, և Անկարան չի ցանկանում Կատարին թուլացած տեսնել, բացի այդ, ձեռնտու չէ ահաբեկչական ալիքի տարածումը իր սահմանների մոտ: Իրանի ԱԳ նախարարի և Թուրքիայի նախագահի հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցներում եղան հրապարակումներ, որոնց համաձայն աջակցելու են Կատարին: Նախ՝ որոշվել է զորք տեղակալել Կատարի սահմանին: Իրանն էլ հայտարարեց, որ ինքնաթիռով սննդամթերք է ուղարկում Կատար: Իրանը բացել է իր օդային բոլոր սահմանները Կատարի համար: Իրանագետը նշեց, որ դա մեսիջ է՝ ուղղված Արևմուտքին, որ ինքը շարունակում է իր արտաքին քաղաքականությունը վարել, երկրում էլ իրավիճակը վերահսկվում է:

«Եթե նկատեցիք, ահաբեկչական գործողությունների ժամանակ Մեջլիսի գործընթացը չի դադարեցվել ընդհանրապես, դա ևս մեկ մեսիջ էր Արևմուտքին, որ իր երկրում չի խաթարվում գործընթացը: Տեսանք, որ չհաջողվեց երկրում վախի մթնոլորտ առաջացնել, խուճապ չկար, մարդիկ բնականոն հունով շարունակում էին իրենց աշխատանքը»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանի հաջորդ պատասխանը ԱԳ նախարարի արձագանքն էր ԱՄՆ նախագահի ցավակցական ուղերձին: Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Զարիֆի պատասխանը կոշտ էր, նա չի ընդունել այդ ուղերձը:

«Իրավիճակը կարող է բարդանալ, տարածաշրջանում շահերի բախումն ուժգնանում է : ԱՄՆ նախագահը փորձում է  տարածաշրջանում քաղաքականությունը փոխել: Թրամփը, լինելով անկանխատեսելի, տարածաշրջանում նման քաղաքականություն է փորձում իրականացնել: Ամեն դեպքում ԱՄՆ-ում բոլոր ուժերը չէ, որ կողմնակից են նման քաղաքականության: Եվրոպական երկրները համաձայն չեն Թրամփի նման քաղաքականությանը»,-ասաց նա:

Հաշվի առնելով այն, որ ահաբեկչությունը Հայաստանի սահմանին մոտ է, ի՞նչ սպառնալիք կա մեր երկրի համար: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ խուճապի խնդիր չկա, նախկինում նույնպես ահաբեկչության վտանգ եղել է:

«Իրականում խուճապի խնդիր չկա, ահաբեկչական գործողությունները միշտ էլ մեր քթի տակ են եղել, «Իսլամական պետություն»-ը մեզնից 1400 կմ հեռավորության վրա է: Այլ հարց է, որ պետք է զգոն լինենք, ինչպես Իրանն է այս պահին բավական ուժեղացնում իր անվտանգությունը: Այստեղ խիստ անհրաժեշտ է առավելապես ուշադիր լինելը»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում ահաբեկչություն է գրանցվել: Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած Էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում Է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում: Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 17 մարդ, 43-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]