Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը դիմորդներին խորհուրդ տվեց չհուզվել և մտածել հետագայում լավ սովորելու մասին 

Լևոն Մկրտչյանը դիմորդներին խորհուրդ տվեց չհուզվել և մտածել հետագայում լավ 
սովորելու մասին 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ քննությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ 
Ոգևորելով դիմորդներին՝ նախարարը նրանց խորհուրդ տվեց չհուզվել, քանի որ դիմորդների թիվն ու հատկացված տեղերն այնպիսին են, որ յուրաքանչյուրը իր միջին գիտելիքով կարող է ընդունվել։ 
«Մի հուզվեք, հանգիստ հանձնեք քննությունը և վստահ եղեք, որ ձեր գիտելիքին համարժեք կընդունվեք համապատասխան համալսարան և ձեր նախընտրած մասնագիտությամբ էլ կսովորեք։ Հիմա պետք է ավելի շատ մտածեք, թե ինչպես եք հետագայում լավ սովորելու, որովհետև սա ընդամենը քննություն է և, եթե գիտեք, ապա ձեր գիտելիքը ոչ ոք չի կարող խլել»,- ասաց նախարար Լևոն Մկրտչյանը։ 
Նա նշեց, որ կենտրոնացված համակարգը ի վերջո տվել է իր արդյունքը, և հիմա յուրաքանչյուր երեխա գիտի, որ իր գիտելիքին համարժեք գնահատական է ստանալու։ 
«Բնականաբար, այն մեծ կենտրոնացվածությունը, որը կար նախկինում, բացակայում է։ Մենք հիմա մեկ այլ խնդիր ունենք՝ բուհերը շատ են բողոքում, որ այն երեխաները, ովքեր առաջին հայտով նախընտրած մասնագիտություն ունեն, հաճախ դուրս են մղվում, քանի որ մեկ այլ դիմորդ ավելի բարձր բալեր է հավաքել, բայց մեկ այլ մասնագիտություն  է ընտրել։ Օրինակ՝ հնարավոր է իրավաբանական ֆակուլտետ ընդունվողը գա և պատմության ֆակուլտետ ընդունվողին դուրս մղի, ով ավելի քիչ միավորներ է ստացել։ Այդ պատճառով այժմ մենք նախատեսում ենք այս տարի մինչև հոկտեմբեր առաջին հայտի գերակայության սկզբունքը պահպանել»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը։ 
Դիմորդներից շատերի համար սա առաջին միասնական քննությունն էր։ Նրանցից մեկն էլ Անգելիկա Հարությունյանն է, ով ցանկանում է դիվանագետ դառնալ։ 
«Լավ պատրաստվել եմ, շտեմարանների հետ կապված կային տեղեր, որ բարդ էին, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ էր։ Որոշել եմ դիվանագետ դառնալ, և սա իմ առաջին միասնական քննությունն է, դեռ պետք է հայոց պատմություն և անգլերեն էլ հանձնեմ»,- նշեց Անգելիկան և հավելեց, որ ցանկանում է պետական համալսարան ընդունվել։ 
Մեկ այլ դիմորդ՝ Արթուր Գևորգյանը նույնպես առաջին քննությունն էր հանձնում և որոշել էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվել և ապագայում հաշվապահ դառնալ։ 
«Սա առաջին քննությունն է, դեռ պետք է մաթեմատիկա ու անգլերեն էլ հանձնեմ։ Հայոց լեզվի քննությանը բավականին լավ եմ պատրաստվել ու ընդհանրապես չեմ հուզվում։ Կրկնուսույցի մոտ եմ մեկ տարի պարապել, շտեմարանները նույնն էին, միայն մեկն էր այս տարի փոխվել»,- նշեց Արթուր Գևորգյանը։ Հայաստանում ուսումը շարունակելու վերաբերյալ ասաց, որ իր համար ցանկալի տարբերակ է արտերկրում սովորել։ Նրա պնդմամբ, եթե բանակ զորակոչեն, նախ կգնա հայրենիքին ծառայելու, այնուհետև, ամենայն հավանականությամբ, ուսումը կշարունակի արտերկրում, բայց ետ վերադառնալու վստահությամբ։ 
…Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն պետք է հանձնեին 158 դիմորդ։ Նրանցից ինը բացակա էին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]