Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն իտալացի ներդրողների համար կարող է գրավիչ լինել տեքստիլի, կոշիկի, ոսկերչության բնագավառներում

Հայաստանն իտալացի ներդրողների համար կարող է գրավիչ լինել տեքստիլի, կոշիկի, 
ոսկերչության բնագավառներում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում հունիսի 7-ին տեղի կունենա Հայաստան-Իտալիա գործարար համաժողովը: Դրա հիմնական նպատակների ու ակնկալվող արդյունքների մասին «Արմենպրես»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։

-Հայաստան-Իտալիա գործարար համաժողովն ի՞նչ հիմնական նպատակի է ուղղվելու: Քանի՞ ընկերություն է մասնակցելու երկու կողմից, ինչպիսի՞ տեսլական կա դրա շնորհիվ հայ-իտալական ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու տեսանկյունից:

-Հայաստան-Իտալիա գործարար համաժողովը, որը կկայանա այս տարվա հունիսի 7-ին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության շենքում, տեղի է ունենում Հայ-իտալական միջկառավարական նիստի շրջանակներում։ Ի դեպ՝ հանձնաժողովի առաջին նիստն է, որը հայկական կողմից գլխավորելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Գործարար ու ներդրումային համաժողովին հայկական կողմից մասնակցում է 27 ընկերություն, իտալական կողմից՝ 170 ընկերություն։ Կարող ենք փաստել, որ երկու կողմերից էլ բավականին մեծ է հետաքրքրությունը գործարար կապերն ակտիվացնելու ուղղությամբ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի ներդրումային գրավչության ներկայացում, ոլորտային շնորհանդեսներ, մասնավորապես, ագրովերամշակման, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև կկայանան երկուստեք հանդիպումներ հայկական ու իտալական ընկերությունների միջև։

-Բացի իտալացի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտի հնարավորությունները ներկայացնելուց, ի՞նչ գործնական քայլեր կարող են տեղի ունենալ համաժողովին:

-Համաժողովի ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամը Փոխըմբռնման հուշագիր կստորագրի Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) հետ՝ ուղղված երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը։ Ինչպես արդեն նշեցի, կկայանան երկուստեք հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների միջև, որոնք, հուսով ենք, կունենան գործնական արդյունքներ։ Ակնկալվում է, որ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ու պայմանագրեր կկնքվեն երկու երկրների գործարարների միջև։ Արդեն իսկ կա որոշակի հետաքրքրվածություն տեքստիլի ոլորտում, հայկական ընկերությունները իտալացի գործընկերների հետ նախնական բանակցություններ են վարվում, որպեսզի տեղում այն ավելի առարկայական դարձնեն։ Նշեմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամն օրերս մեկ այլ հուշագիր ստորագրեց  ՛՛Shaula International՛՛ խորհրդատվական ընկերության հետ, որով ընկերությունն Իտալիայում կհանդիսանա ՀԶՀ ներկայացուցիչը, որը ևս մեկ խթան կդառնա հայ-իտալական գործարար կապերի ամրապնդման համար։

-Ո՞ր ոլորտներում Հայաստանը կարող է գրավիչ լինել իտալացի գործարարների համար:

- Բոլոր այն ճյուղերում, որոնք մենք նախատեսում ենք ներկայացնել ոլորտային շնորհանդեսների միջոցով։ Բացի այդ՝ Հայաստանը կարող է գրավիչ լինել տեքստիլի, կոշիկի, ինչու չէ նաև ոսկերչության բնագավառներում։

-Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն մի քանի նմանատիպ համաժողովներ է անցկացրել: Այս մեկն ինչո՞վ կառանձնանա մյուսներից:

-Առանձնահատկությունների մասին կարող ենք խոսել արդյունքներն ամփոփելիս, երբ հստակ կլինեն մեր պայմանավորվածությունները։

-Առհասարակ ի՞նչ են տալիս նման համաժողովները Հայաստանին, որքան է դրանց արդյունավետությունը: Նախորդ համաժողովներից ինչպիսի՞ արդյունքներ կարող ենք փաստել:

-Կարծում եմ՝ շատ արդյունավետ են այս համաժողովները, որովհետև ոչ միայն ներկայացվում է Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրը, այլ հարթակ է ստեղծվում երկկողմ գործարար շրջանակների հանդիպումների անցկացման, բանակցությունների վարման համար, որոնք հետագայում վերածվում են առարկայական գործնական կապերի։ Նախորդ համաժողովներից կցանկանայի խոսել մինչ այժմ վերջին համաժողովի արդյունքների վերաբերյալ, որը կայացավ այս տարվա մարտի 22-ին Աբու Դաբիում։ Այդ միջոցառման շրջանակներում ստորագրվեց չորս փաստաթուղթ, այդ թվում՝ 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր էներգետիկայի ոլորտում և արտահանման բացառիկ պայմանագիր, որով արդեն իսկ հայկական օրգանական և բնական միրգ-բանջարեղենից պատրաստված պահածոները, մուրաբաներն ու հյութերն ուղարկվել են էմիրաթական բարձրակարգ հյուրանոցներ։ Նշեմ, որ այլ ընկերություններ ևս բանակցություններ են վարում, ու արդեն իսկ էմիրաթական 5-6 ընկերությունների խմբեր այցելել են Հայաստան։ Դեղագործական ոլորտի հայկական ընկերություններից որոշներն էլ սկսել են դեղերը գրանցել այդ տարածաշրջանում, որի նպատակը հայկական դեղորայքի արտահանումն է։

Ամփոփելով կարող ենք ասել, որ բավականին արդյունավետ են նմանատիպ համաժողովները։ Սրանով հնարավորություն ենք ստեղծում և՛ հայկական արտադրանքի արտահանման, և՛ դեպի Հայաստան ներդրումների ներգրավման համար։

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]