Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդարության համար պայքարը պայքար է կոռուպցիայի դեմ. Արտաշես Գեղամյան

Արդարության համար պայքարը պայքար է կոռուպցիայի դեմ. Արտաշես Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ այսպես, 2017թ. փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հանդես գալով Հայ-ամերիկյան առևտրային պալատի ներկայացուցիչների առջև, մի շարք հետաքրքիր հայտարարություններ արեց։ Նա, մասնավորապես, նշեց. «Ուրախացնում և հույս է ներշնչում այն, որ վարչապետ Կարապետյանն իր հրապարակային ելույթներում պայքարը կոռուպցիայի դեմ հիշատակում է որպես գերակա ուղղություն։ Ինձ հուսադրում է, որ Հայաստանում էլ ավելի շատ մարդիկ ուղղակի խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»։ Այնուհետև նա շարունակել է. «Կառավարությունը պետք է ամրացնի և լիազորություններով օժտի հանրային ինստիտուտները բոլոր մակարդակներում և հստակ ցուցում տա վերևից, որ կոռուպցիան այսուհետ անընդունելի է, և ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել...»։ Կոռուպցիայի կործանարար ուժն առանձնապես սրելու համար ԱՄՆ դեսպանն իր ելույթում նշել է. «Քառօրյա ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո հանրային բանավեճերում սկսեց քննարկվել կործանարար այն ազդեցությունը, որը կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում»։ Ասվեց և արվեց։ ՀՀ կառավարությունն առաջարկությամբ դիմեց Ազգային ժողովին՝ ս.թ. հունիսի 7-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգի առաջին կետը մի օրինագծի քննարկումն է լինելու, որը վերնագրված է. «Կոռուպցիայի կանխման և կոռուպցիայի կանխման հարցերով զբաղվող մարմնի մասին»։ Անկասկած, մեր երկրի տնտեսության և անվտանգության համար միանգամայն հրատապ հարց։ Խոր գոհունակություն է առաջացնում նաև այն, որ հենց բարեկամական Ամերիկայի դեսպանն է, որն, անշուշտ, գիտե այն մասին, թե ինչ լուրջ վնաս է հասցնում իր իսկ երկրի իմիջին կոռուպցիան ԱՄՆ-ում, նախազգուշացնում իր հայ գործընկերներին այդ չարիքի վտանգավորության մասին։

Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի հիմնախնդիրը հրատապ է աշխարհի շատ երկրների համար։ Այսպես, 2016թ. փետրվարի 8-ին Zero Hedge կայքում ԱՄՆ նախագահի ընտրությունների տարում հրապարակվեց հոդված «Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկու կուսակցությունն էլ (նկատի են առնվում ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները- Ա.Գ.) չափից ավելի կոռումպացված են ինչ-որ բան փոխելու համար...»։ «Դա, փաստացի, Ջորջ Վաշինգտոնի հեղափոխությունն է» (“Overwhelming Majority of Americans Believe Both Parties Are Too Corrupt to Change Anything…” This, In Fact, Is A Revolution” by George Washington).

Եվ ահա, ԱՄՆ բնակիչների շրջանում անցկացված որոշ հարցումների համաձայն, հարցվողների 71%-ը համարում է, որ ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր առջև դրված խնդիրները. հարցվողների 76%-ը համարում է, որ ԱՄՆ-ը հաջողակ երկիր չի լինի, եթե չհաղթահարի կոռուպցիան; հարցվողների 74%-ը համարում է, որ ԶԼՄ-ներն ԱՄՆ-ում կոռումպացված են; հարցվողների 78%-ի կարծիքով՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները պետք չեն, որովհետև վերահսկվում են օլիգարխների կողմից։ Կարելի է նաև ներկայացնել Gallup-ի անցկացրած հարցման արդյունքները կոռուպցիայի վերաբերյալ, որի համաձայն՝ ամերիկացիների 75%-ը կարծում է, որ կառավարությունը համատարած կերպով կոռումպացված է (http://www.gallup/com/poll/185759/widespread-government-corruption/aspx)։ Այս հարցման համաձայն՝ ԵՄ առանձին երկրներում նույնպես կոռուպցիայի բարձր մակարդակ է պահպանվում (տե՛ս Աղյուսակ 1)։

 

Արդյո՞ք լայնորեն է տարածված կոռուպցիան այս երկրի կառավարությունում, թե՞ ոչ

Աղյուսակ 1

 

Երկրի անվանումը*

** Այո, լայնորեն տարածված է,

% հարցվածներ

1

Լիտվա

90 %

2

Պորտուգալիա

86 %

3

Իսպանիա

84 %

4

Չեխիա

83 %

5

Սլովենիա

82 %

6

Լեհաստան

78 %

7

Կիպրոս

76 %

8

ԱՄՆ

75 %

9

Իսրայել

74 %

10

Սլովակիա

74 %

11

Ֆրանսիա

64 %

12

Լատվիա

63 %

13

Ճապոնիա

55 %

14

Բելգիա

51 %

15

Ավստրիա

50 %

16

Մալթա

50 %

17

Էստոնիա

47 %

18

Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

46 %

19

Կանադա

44 %

20

Ավստրալիա

41 %

21

Իռլանդիա

40 %

22

Նիդեռլանդներ

40 %

23

Գերմանիա

38 %

24

Նորվեգիա

30 %

25

Ֆինլանդիա

26 %

26

Լյուքսեմբուրգ

26 %

27

Շվեյցարիա

25 %

28

Դանիա

19 %

29

Շվեդիա

14 %

* հարցումն անցկացվել է ազատ մամուլ ունեցող երկրների շրջանում

**համաձայն 2014թ. համաշխարհային հարցման արդյունքների, համաձայն, “Freedom House 2016 media Freedom Status”-ի

 

Հավանաբար, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս գիտեր Եվրամիության մի շարք երկրներում կոռուպցիայի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին, երբ ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիում ասաց. «Ես մտահոգված եմ, լրջորեն մտահոգված ընտրակաշառքներից, այն բանից, ինչը ես անվանում եմ էլեկտորալ կոռուպցիա... Դա վատ է Հայաստանի իմիջի համար, դա վատ է երկրում դեմոկրատական գործընթացների համար, և մենք այդ մասին բաց խոսում ենք...»։ Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ դեսպանը նաև ասել է. «Բացասական երևույթները, որոնք կիրառվում էին մինչ այս, լիովին բացառված են։ Ես չեմ լսում բողոքներ, օրինակ, այսպես կոչված «կարուսելի»՝ բազմակի քվեարկության կամ ընտրաթերթիկների լցոնումների մասին»։

Ես փոքր-ինչ հանգամանալիորեն կանգ առա աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի հետ կապված իրավիճակի քննության վրա, որպեսզի ցույց տամ, որ կոռուպցիան եղել և մնում է համաշխարհային հանրության առջև կանգնած գլոբալ խնդիրներից մեկը, ավելին՝ մի շարք պետություններում այն համակարգային հիմնախնդիր էր, առանց որի լուծման անհնար է երկրի հետագա զարգացումը։ Ուստի, բնավ պատահական չէ, որ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի իր Ուղերձում (այսուհետ՝ Ուղերձ) նշել է. «Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը... Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը... Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը»:

Բնականաբար, կոռուպցիայի դեմ հաջող պայքարի համար հարկ է նախևառաջ պարզել այն ծնող պատճառները։ Որոշ փորձագետներ հակված են համարելու, որ անցումային տնտեսությամբ երկրներում կոռուպցիայի պատճառների թվին են պատկանում՝ օրենսդրության թերզարգացածությունը և անկատարությունը, կոռուպցիայի դեմ իշխանության ինստիտուտների պայքարի անարդյունավետությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլությունը, ամուր դեմոկրատական ավանդույթների բացակայությունը։ Կարծում եմ, որ միանգամայն արդարացված կլինի, եթե ՀՀ ԱԺ-ում ս.թ. հունիսի 7-ին կայանալիք քննարկման ժամանակ կառավարությունը և խորհրդարանի համապատասխան հանձնաժողովները մանրազնին վերլուծեն վերոնշյալ պատճառներից յուրաքանչյուրի ազդեցության աստիճանը, որոնք մեր կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում պարարտ հող են ստեղծում կոռուպցիայի համար։ Կարևոր է նաև սկզբից ևեթ հասկանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ են համակարգային ջանքեր, այսինքն՝ հասարակության բոլոր շերտերի՝ իշխանության, քաղաքական և հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, զանգվածային լրատվամիջոցների, ակտիվ քաղաքացիական հասարակության համաձայնեցված, համատեղ, նպատակաուղղված գործողություններ։

Փաստը, որ մենք վկաներն ենք այն բանի, երբ ի կատարումն Ուղերձում պարունակվող դրույթների՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, դրանով իսկ հայտարարում է իր քաղաքական կամքի մասին՝ պայքարել կոռուպցիայի դեմ։ Հենց հիմա պետք է ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ամենատարբեր կառույցների գլխավոր խնդիրը դառնա լայն մասնակցությունը ՀՀ ԱԺ նիստի օրակարգ մտցված հակակոռուպցիոն օրինագծի շահագրգիռ քննարկման պատրաստման, իսկ այնուհետև նաև դրա կատարումը վերահսկելու գործընթացին, բնական է՝ դրա ընդունումից հետո։

Շատ կարևոր է, որպեսզի կոռուպցիայի կանխման մասին օրինագծի քննարկման ժամանակ տրվի կոռուպցիայի դեմ պայքարի և դրա կանխման միջոցների համակարգի հնարավոր իրագործման վերլուծությունը, միջոցներ, որոնց կիրառումը դրական արդյունքներ է տվել  առանձին երկրներում։ Օրինակ, հետաքրքիր է Նիդեռլանդների փորձը։ Ինչպես հայտնի է, Նիդեռլանդները պատկանում է կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրների թվին։ Այնտեղ կոռուպցիայի դեմ պայքարում կիրառվող գործուն միջոցների թվին են պատկանում.          

  1. Մշտական հաշվետվողականությունը և հրապարակայնությունը կոռուպցիայի հայտնաբերման հարցերում, կոռուպցիոն գործողությունների հետևանքների քննարկումը և պատիժները դրանց համար։ Ամեն տարի ներքին գործերի նախարարը խորհրդարանին զեկույց է ներկայացնում կոռուպցիայի հայտնաբերված փաստերի և կոռուպցիային մասնակից անձանց պատժելու համար ընդունված միջոցների վերաբերյալ։
  2. Կոռուպցիոն գործողությունների ծագման հնարավոր կետերի մոնիթորինգի և այդ կետերում գտնվող անձանց գործունեության խիստ վերահսկման համակարգի մշակում։
  3. Պաշտոնատար անձանց իրավունքների և պարտականությունների համակարգի ստեղծում՝ նշելով նրանց պատասխանատվությունը պաշտոնեական էթիկայի խախտման համար։
  4. Կոռուպցիոն գործողության պատժի հիմնական միջոցը արգելելն է՝ աշխատել պետական կազմակերպություններում, և սոցիալական բոլոր արտոնությունների կորուստը։ Պատիժների սանդղակը ներառում է նաև տուգանքներ և ժամանակավոր հեռացում պարտականությունների կատարումից։
  5. Առավել նշանակալի կազմակերպություններում, մասնավորապես՝ նախարարություններում, կան ներքին անվտանգության ծառայություններ, որոնց խնդիրն է պաշտոնյաների սխալների, նրանց կողմից գործող կանոնների միտումնավոր կամ պատահական խախտումների և այդ գործողությունների հետևանքների վերհանումը։
  6. Կազմակերպված է այն պաշտոնների համար անձանց ընտրելու համակարգը, որոնք վտանգավոր են կոռուպցիայի տեսակետից։
  7. Կոռուպցիոն գործողությունների հետ կապված բոլոր նյութերը, եթե դրանք չեն առնչվում ազգային անվտանգության համակարգին, պարտադիր կարգով հրապարակվում են։
  8. Ստեղծված է պաշտոնյաների ուսուցման հատուկ համակարգ, որը բացատրում է կոռուպցիայի վնասակարությունը։
  9. Ստեղծված է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգ՝ օժտված կոռուպցիայի դեպքերի հայտնաբերման զգալի լիազորություններով։
  10. Բոլոր մակարդակների պաշտոնյաները պարտավոր են գրանցել կոռուպցիայի՝ իրենց հայտնի դեպքերը, այդ տեղեկատվությունը համապատասխան խողովակներով փոխանցվում է ներքին գործերի և արդարադատության նախարարություններին։
  11. Կոռուպցիայի դեմ պայքարում մեծ դեր են խաղում զանգվածային լրատվամիջոցները, որոնք հրապարակում են կոռուպցիայի դեպքերը և հաճախ հետաքննություններ անցկացնում։

Կոռուպցիայի դեմ պայքարի հետաքրքիր փորձ է կուտակվել Ճապոնիայում։ Հակակոռուպցիոն բնույթի նորմեր կան ազգային շատ օրենքներում։ Հատուկ նշանակություն  է տրվում քաղաքական գործիչներին, պետական և մունիցիպալ ծառայողներին ուղղված արգելքներին։ Այդ արգելքները, մասնավորապես, վերաբերում են բազմաթիվ միջոցներին, որոնք քաղաքականապես չեզոքացնում են ճապոնացի քաղաքական գործչին մասնավոր բիզնեսից ինչպես ծառայության ժամանակ, այնպես էլ պաշտոնից հեռանալուց հետո։ Ակնհայտ է, որ նման մոտեցումը բավական օգտակար կլինի, եթե իր արտացոլումը գտնի մեր հակակոռուպցիոն օրենսդրությունում։ Ակներև է նաև, որ Ճապոնիայում, ինչպես և շատ այլ երկրներում, կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր ուղղություններից մեկը կադրային քաղաքականություն է։ Ճապոնացի քաղաքական գործիչների համար երաշխավորված է աշխատանքի արժանավայել վարձատրություն։

Նշենք նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի բավական հստակ և արդյունավետ համակարգ, որը հենվում է պատկառելի իրավանորմատիվային հենքի և հասարակության աներկբա աջակցության վրա, գործում է Ֆինլանդիայում։ Տրամաբանական է, որ ֆիննական հասարակության միանշանակ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում էական դեր է խաղացել այն հարցում, որ հենց Ֆինլանդիան է «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից ճանաչվել որպես աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկը։ Խոսելով կոռուպցիայի կանխման մասին օրենքի քննարկմանը հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն ներգրավման անհրաժեշտության մասին՝ նշենք, որ դա լավ ուղերձ է ընդունվող այս հակակոռուպցիոն օրենքին հայկական հասարակության  կողմից լայն աջակցության մթնոլորտի ձևավորման համար։

Կարելի է կոռուպցիայի դեմ հաջող պայքարի բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել, առանձնացնել կոռուպցիային առավել արդյունավետ հակազդող  ռազմավարությունները, բայց կարևոր է նշել, որ դրանց ուշադիր ծանոթանալիս նկատվում է պարտադիր պայմանների և միջոցների մի ընդհանուր ցանկ, առանց որոնց իրականացման անհնար է հասնել որևէ զգալի դրական արդյունքի։

Կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագիր մշակելիս չափազանց անհրաժեշտ է թվում նախապես վերլուծել իրավիճակը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, հետո նոր մշակել հակակոռուպցիոն ռազմավարություն։ Կարևոր է նաև ձևավորել հակակոռուպցիոն կոալիցիաներ իշխանության, մաս-մեդիայի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և քաղաքացիական հասարակության ակտիվիստներից։ Որպեսզի հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն կոալիցիաները հաջող գործեն, հարկ է համակարգային հիմքի վրա դնել հակակոռուպցիոն քաղաքացիական կրթությունը։ Բնական է, որ այդ ողջ աշխատանքը ենթադրում է լայն հասարակական մասնակցություն կոռուպցիայի կանխման գործընթացներում, պետության միջամտության նվազեցում հասարակության գործերին, էթիկայի վարքականոնի մշակում քաղաքական գործիչների, պաշտոնյաների, գործարարների համար։ Եվ իհարկե, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման անհրաժեշտ պայմանն է ուժեղ և անկախ դատական իշխանության առկայությունը, օրենքների անշեղ իրականացումը, ընդ որում՝ օրենքների, որոնք բացառում են կոռուպցիայի ծագման հնարավորությունը։

Հետգրության փոխարեն. XVIII դարի ֆրանսիացի փիլիսոփա, բարոյախոս և գրող Լյուք դը Կլապիե մարքիզ դը Վովենարգը, դատելով կամքի ազատության մասին, հանճարեղորեն մարգարեացել է. «Որքան դժվար է զբաղվել շահավետ գործով՝ միաժամանակ չհետապնդելով սեփական շահը»։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական ծառայող և այդպիսին դառնալ ցանկացող պետք է խորհի ֆրանսիացի հայտնի բարոյախոսի այս իմաստուն ասույթի շուրջ, և դրանից հետո միայն կարելի է հուսալ, որ կարվի ճիշտ, ազնիվ ընտրություն։ Այլապես նա կլինի այնպիսի պաշտոնյա, որին Մարկ Տվենը բնութագրել է շատ օբյեկտիվ և մատչելի մեր ընկալման համար. «Պետական ծառայողը մեկն է, ով ընտրվում է ժողովրդի կողմից, որպեսզի բաշխի կաշառքները»։ Ավաղ, այլ բնութագրում բնության մեջ գոյություն չունի։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ       

 

Նկարում.- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի գծով Հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (ԵԱՀԿ ԽՎ նախագահից աջ), Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան (ԵԱՀԿ ԽՎ նախագահից ձախ) (Վիեննա, 24 փետրվարի 2017թ.)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]