Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ և Նիկոլա Ազնավուրները հայտարարեցին Երևանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին

Շառլ և Նիկոլա Ազնավուրները հայտարարեցին Երևանում ինտերակտիվ թանգարանի 
հիմնադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալիների հանձնման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: ՀՀ նախագահը հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին:

«Թանգարանի առկայությունը պատիվ է բերում մեր ամբողջ հասարակությանը: Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն- թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Մաեստրո, մենք երջանիկ ենք, որ ձեր ժամանակակիցներն ենք, կարողանում ենք վայելել ձեր արվեստը: Ազնավուրն այսօր քայլող լեգենդ է, պատկանում է ոչ միայն Ֆրանսիային, Հայաստանին, այլև համայն մարդկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կապված են հազարավոր թելերով, և դրա ապացույցներից մեկն այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, այցելել են Հայաստան:

«Հույս ունեմ, որ նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը կշարունակի ավանդույթը և մաեստրոյի հետ նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում: Մաեստրո, ձեզ մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ կարողանանք շարունակել վայելել ձեր արվեստը, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երևանում ունենալ տուն- թանգարան, դա մեզ համար պատիվ է»,-ասաց նախագահը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նշեց, որ իր համար մեծ պատիվ և ուրախություն է լինել այսօր Երևանում, ստանալ տուն-թանգարանի, մշակութային կենտրոնի բանալիները:

«Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը և որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի 1988 թվականին մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը կլինի հենց թանգարանի հիմնումը, որը կլինի ոչ միայն ինտերակտիվ մուլտիմեդիա թանգարան, այլ նաև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային կարևոր վայր: Մեծ վստահությամբ և հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, քանի որ տեսել եմ, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում մեկը մյուսի հետևից կյանքի կոչվում կրթական, պատմամշակութային շատ կարևոր, առաջընթաց ապահովող ծրագրեր»,-ասաց Շառլ Ազնավուրը:

Նրա խոսքով, Հայաստանի և Սփյուռքի հայերը պետք է միավորեն իրենց ջանքերը՝ ստեղծելու համար այնպիսի նախագծեր, կենսակայուն ծրագրեր Հայաստանում, որ հայ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց երազանքներն իրագործելու Հայաստանում՝ շրջապատված հարազատներով:

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ մշակույթի նախարարությանը, բոլոր աջակիցներին, ովքեր արդեն իսկ աջակցում են նախագծի իրականացմանը, IDeA հիմնադրամին, անձամբ համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, ով բոլոր ջանքերը ներդրել է, որ կյանքի կոչվի մեր ծրագիրը: Այո, Շառլ Ազնավուր անունը հանրաճանաչ է, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան: Ոչ միայն Ազնավուրի, այլև աշխարհասփյուռ հայության բոլոր գործերը պետք է թարգմանվեն, լինեն այստեղ: Հայաստանում գտնվելով՝ հետևում եմ հեռուստատեսությամբ, տեսնում եմ, որ հետընթաց չունենք, բավականին առաջ ենք թե գույների, թե ներկայացվող ծրագրերի առումով, կարևոր է անպայման, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի Սփյուռքը և Հայաստանը կապվեն նաև այդ կերպ»,-հավելեց Շառլ Ազնավուրը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Շառլ Ազնավուրի ապրած կյանքը օրինակ է երկիր մոլորակի բնակչության այն հատվածի համար, որն ուզում է իր գոյությամբ աշխարհը դարձնել ջերմ ու գթասիրտ, ավելի բարի ու մարդասեր:

«Այսօր ազդարարելով Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման աշխատանքի սկիզբը, ըստ էության, մեծ շանսոնյեն ազդարարում է  իր հերթական հայրենանվեր գործի սկիզբը:  Նմանօրինակը չունեցող այս թանգարանը պատմելու է Ազնավուրի կյանքի մասին, մաեստրոյի համաշխարհային  մշակութային ժառանգության մասին, միաժամանակ աշխարհին պատմելու հայ ժողովրդի, մեր պատմության, ճակատագրի մասին»,-ասաց նա:

Արմեն Ամիրյանը վստահություն հայտնեց, որ այս թանգարանը կդառնա հայաստանյան թանգարանների, մեր բազմադարյան մշակույթի առաջնորդողը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am