Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սպասվող լրահոս. 01.06.2017


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Հայաստանը Կատարի Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօր` հունիսի 1-ին, կայանալիք նիստին օրակարգում: Նշվում է, որ Հայաստանի և Կատարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա կանդրադառնա հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը կներկայացնի մի շարք նախագծեր` նվիրված Ադրբեջանում հայատյացության քաղաքականությանը: Հանրությանը կներկայացվի «Azerbaijan: childhood in hate» անգլալեզու ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: Ամսագրում ներառված են հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, խաղերի և մանկական արվեստի այլ դրսևորումների նմուշներ, որոնցում չար և բացասական հերոսների դերում հանդես են գալիս հայերը: Բացի այդ, կկայանա «Խավիարային դիվանագիտություն» ամսագրի և համանուն թեմատիկ կայքի շնորհանդեսը:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այն սահմանվել է 1925-ին` Ժնևում  երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Օրվա առթիվ այսօր ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում նախատեսված են մի շարք միջոցառումներ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախատեսված է տոնական միջոցառում, որին կմասնակցեն զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կրկեսային խմբեր, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ մետրոյի «Երիտասարդական» կայարանում կգործի Սեբաստիա կրթահամալիրի աշակերտների աշխատանքների ցուցադրությունը։ «Հանրապետության հրապարակ» կայարանում նախատեսված է անակնկալ-հյուրասիրություն, «Հանրապետության հրապարակ» կայարանում՝  համերգային ծրագիր:

Մայրաքաղաքում նախատեսված են այլ տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների  շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակը կհրապարակի «Ֆորմալ այլընտրանքային խնամքի համակարգում երեխաների թվաքանակի գնահատում. մարտահրավերներ ու արդյունքներ» գլոբալ զեկույցը: Զեկույցի հիմնական արդյունքները կներկայացվեն նախատեսված քննարկմանը: Ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացվի «7» անունը կրող նախագիծը: Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ-երեկոն ունի կրթադաստիարակչական նշանակություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ