Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հարգում եմ աշխատանքս, հարգում եմ թուղթը, հարգում եմ ինձ». Սաթենիկ Մկրտչյան

«Հարգում եմ աշխատանքս, հարգում եմ թուղթը, հարգում եմ ինձ». Սաթենիկ Մկրտչյան

 ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ լույս տեսավ արձակագիր, թարգմանչուհի Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գիրքը, որը պատմում է մարդկանց ճակատագրերի մասին: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց գրողի հետ:

-Ավարտել եք Գյումրու բժշկական ուսումնարանը, այնուհետև սովորել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Ինչու՞ որոշեցիք ձեր մասնագիտութունը փոխել:

-Ինձ գրավում էր երկրաբանությունը. ես և հորեղբորս տղան մաթեմատիկա էինք պարապում երկրաբան դառնալու համար: Քանի որ այդ տարիներին երկրաբաններին գործուղում էին Միջին Ասիա, ծնողներս թույլ չտվեցին գնալ այդ ուղղությամբ: Նշեմ, որ հորեղբորս տղան հիանալի տնտեսագետ դարձավ, իսկ ես ընդունվեցի բժշկական ուսումնարան: Պետք է ընդգծեմ, որ բժշկությունը երբեք իմը չի եղել, սակայն չեմ փոշմանել ստացած կրթությանս համար, քանի որ այն ինձ կյանքում շատ է պետք եկել: Շարունակում էի գրել նաև այդ տարիներին: Ես ի սկզբանե գիտեի, որ բժշկության հետ կապ չունեմ ու պետք է գրող դառնամ: Դեռ դպրոցական հասակում ստեղծագործում էի, և առաջին տպագրված պատմվածքս արժանացավ «Սովետական դպրոց» թերթի առաջին մրցանակին:

-Ի՞նչն է ձեզ մղում գրելուն:

-Դա անբացատրելի է, չեմ կարող ասել: Կարծում եմ` այդ ունակությունը տրվում է: Գրականությունն ինձ համար երբեք ինքնարտահայտման միջոց չի եղել: Գրելիս երբեմն չեմ գտնում պատմվածքի կուլմինացիան կամ ավարտը. գիշերն արթնանում եմ այն սևեռուն գաղափարով, որ պետք է այլ ավարտ գտնել կամ այլ մոտեցում ցուցաբերել:

Չեմ կարող ուղղակի հորինել բաներ, որոնք սրտիս հետ չեն խոսում, չեմ կարող այդպես: Հենց այնպես չեմ կարողանում թուղթ փչացնել: Վերջերս իմ ընկեր հրատարակիչներից մեկն ինձ ասաց, որ շատ բծախնդիր եմ: Պատասխանեցի, թե հարգում եմ աշխատանքս, հարգում եմ թուղթը, հարգում եմ ինձ: Եթե նախադասությունդ լիարժեք չէ, և դու դրա վրա չես տանջվում,  ոչ մի բան չի ստացվի:  Անընդհատ խմբագրում եմ, աշխատում յուրաքանչյուր բառի վրա, գրում եմ ձեռագիր, այնուհետև մուտքագրում համակարգիչ ու կրկին խմբագրում:

-Կա՞ն գրողներ, որոնց ազդեցությունը դուք կրել եք:

-Կան գրողներ, ովքեր ինձ համար ներշնչանքի աղբյուր են եղել, որոնց պես ձգտել եմ գրել: Այդպիսի գրողներ են Ամբրոզ Բիրսը,  Օ Հենրին, Խուլիո Կորտասարը,  Ուիլյամ Ֆոլքները, Գաբրիել Գարսիա Մարկեսը և այլք: Կարող ես հաջողել, եթե ինքդ քեզ համար բարձր նշաձող ես սահմանում,:

-Գրականությունը ձեզ համար հոբբի՞ է, աշխատա՞նք, թե՝ կոչում:

-Այդ ամենը՝ միասին: Կարծում եմ, դրանց տարանջատումը ոչնչի չի հասցնի:

- Դուք նաև թարգմանում եք. ի՞նչ հարաբերակցության մեջ են ձեզ համար լեզուները:

- Մեր լեզուն Աստծո ամենամեծ շնորհն է ինձ համար, պետք է կարողանանք պահպանել այն: Գրողները, թարգմանիչները և, ընդհանրապես, հայ մտավորականությունը պետք է սիրահարված լինեն հայոց լեզվին, որով կարելի է ամեն բան գրել և արտահայտել, քանզի մեր լեզուն ունի ներքին ռիթմ և հնչողություն: Այդպես են ստեղծվել մեր ասքերն ու պատումները, մեր մշտագո երիտասարդ հազարամյա գրականությունը:

-Դուք ձգտո՞ւմ եք ձեր ստեղծագործությունների միջոցով ինչ-որ բան փոխել հասարակության մեջ:

-Ավելի շատ՝ պահպանել մեր տեսակին հատուկ ունեցածը, բայց առանց դրա էլ, երևի, անհնար կլիներ. եթե չես ցանկանում որևէ բան փոխել, ապա չպետք է գրես:

-Վերջերս ընթերցասերների դատին հանձնեցիք ձեր «Այրված կենդանակերպ» վեպը՝ ամբողջացած: Ինչի՞ մասին է այն:

-«Մասինը» թողնում եմ ընթերցողին: Իսկ «Այրված կենդանակերպ» վերնագիրը խորհրդանշական է: Ես բնավ այն մեծամիտը չեմ, ով այդ վերնագիրը թղթին կհանձներ ուղղակի իմաստով՝ այրե՜լ «Կենդանակերպը»: Դրանք ընդամենը թղթեր են ճակատագրերի մասին…

 -Կա՞ որևէ կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Կարծում եմ, որ ապրելու համար յուրաքանչյուր մարդ պետք է հաղթահարի նախանձը, վախը և հոգու ներքին կռիվը:

-Հետևու՞մ եք հայ ժամանակակից գրականությանը: Ի՞նչ կասեք երիտասարդ գրողների մասին:

-Չեմ ցանկանում ուժիցս վեր դասեր կարդալ իմ ժամանակակիցներին, բայց, կարծում եմ, հայ գրականությունը մի փոքր տուրք է տալիս այսօրվա արտասահմանին, ավելի ստույգ՝ ներս սպրդած հեռուստատեսությանը և համացանցին. բաց տեսարաններ, ընտանեկան նույնական խճճված հարաբերություններ, խարդավանքներ…

Սակայն ես լավատես եմ ու կարծում եմ, որ այդ ամենը անցողիկ է: Եթե մենք մինչև օրս գոյություն ունենք՝ նշանակում է մեր տեսակը ինքնամաքրվող է:

-Ի՞նչ ցանկություններ ունեք:

-Ամեն օր աղոթում եմ, որ Աստված խաղաղություն տա իր ստեղծած Երկիր մոլորակին, իմ մի բուռ Հայաստան աշխարհին, իմ տանն ու իմ մտքին:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]