Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան ամառ-2017»-ի շրջանակներում կանցկացվի շուրջ 60 մարզամշակութային միջոցառում

«Երևանյան ամառ-2017»-ի շրջանակներում կանցկացվի շուրջ 60 մարզամշակութային 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևանյան ամառ-2017» եռամսյա ծրագրում ներառվել են մի շարք նոր միջոցառումներ և փառատոններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունիսի 1-ից մեկնարկում է մարզամշակութային ավանդական դարձած միջոցառումների շարքը, որը ստացել է «Երևանյան ամառ» ծրագիր անվանումը։ 

«Այս ծրագիրն արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվում է մեր մայրաքաղաքում։ Անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այն հասցրել է սիրվել թե՛ երևանցիների, թե՛ զբոսաշրջիկների կողմից։ Միջոցառման նպատակը մեկն է՝ ավելի բազմաբովանդակ և ուրախ դարձնել կյանքը մեր ազգաբնակչության և մայրաքաղաք ժամանող հյուրերի համար։ Այն ուղղված է տարբեր ճաշակներ և նախասիրություններ ունեցող մարդկանց, ու կարծում ենք, որ ցանկացած մարդ կարող է իրեն համապատասխան և հոգեհարազատ միջոցառում գտնել ամռան ամիսների ընթացքում»,- նշեց Արազ Բաղդասարյանը և հավելեց, որ լինելու են և՛ մշակութային, և՛ մարզական, և՛ կրթական միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր տարիքային սեգմենտներին։ 

Միջոցառումներն անց են կացվելու Երևանի բոլոր վարչական շրջաններում. հաշվի է առնվում քաղաքի համաչափ զարգացման ծրագիրը և լինելու են նաև անակնկալ ֆլեշմոբեր մայրաքաղաքի մարդաշատ վայրերում։ Դրանք իրականացվում են ոչ միայն քաղաքապետարանի, այլև համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր թանգարանների մուտքերը ամռան ամիսների շաբաթ օրերին անվճար են լինելու։ 

«Երևանյան ամառ-2017» ծրագրի լոգոտիպով են ձևավորվելու բոլոր միջոցառումները։ Լոգոտիպն իր մեջ ներառում է ամբողջ գաղափարախոսությունը, որ դրվել է ամառվա եռամսյա միջոցառումների մեջ՝ Երևանում ամառը պետք է լինի գունագեղ, ուրախ, մարդակենտրոն։ 

«Այս ամենի արդյունքում մենք ակնկալում ենք, որ լինի դրական էմոցիաների պոռթկում, որն արտացոլված է հենց ծրագրի լոգոտիպում»,- ընդգծեց Բաղդասարյանը։    

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ թիրախային խմբերը երեխաներն ու զբոսաշրջիկներն են։ 

«Այս ծրագրի շրջանակներում հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ Երևանը դարձնենք ավելի փառատոնային քաղաք։ Այս տարի փառատոնները ավելացել են և կազմակերպվել շուրջ 60 մարզամշակութային միջոցառում՝ 15 մարզական և 10-ից ավելի մշակութային միջոցառում։ Երևանի բոլոր պուրակները պատրաստ են «ողջունել» իրենց այցելուներին»,- ասաց Հովհաննիսյանը։ 

«Երևանյան ամառ-2017» միջոցառման համար քաղաքապետարանից հատկացվել է 24 միլիոն դրամ։ Միջոցառումների շրջանակներում հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգում կբացվի հեծանվային կայանատեղի։ Առաջին անգամ կանցկացվի Երևանյան ռոք երաժշտական փառատոնը, «Դրեգ ռեյսինգ» արագընթաց Երևան սպորտային մեքենաների առաջին մրցաշարը և այլ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]