Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկը շարունակում է մնալ գրավի իրացվելիությունը

Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկը շարունակում է մնալ գրավի 
իրացվելիությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2014 թվականից ի վեր գները պահպանվել են գրեթե նույն մակարդակում, իսկ առուվաճառքի գործարքների թիվը նվազել է: 2016 թվականին` 2015-ի համեմատ, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1 մ քառակուսի մակերեսի հաշվարկով բարձրացել է 0.3%-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, բանկերը շարունակել են անշարժ գույքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերի համար վարկ/գրավ հարաբերակցությունը պահպանել 60-80% միջակայքում, ինչն էականորեն զսպել է անշարժ գույքի գների հնարավոր տատանումներով պայմանավորված վարկային ռիսկը:

Անշարժ գույքի շուկայից բխող հիմնական ռիսկերից շարունակում է մնալ գրավի իրացվելիության ռիսկը, քանի որ բանկերի կողմից որպես գրավ վերցված անշարժ գույքի բարձր ծավալների պայմաններում դիտարկվել է անշարժ գույքի, այդ թվում` բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի նվազում: Մասնավորապես, Երևանում, որին բաժին է ընկնում գրավադրված անշարժ գույքի գերակշիռ մասը, անշարժ գույքի առուվաճառքի և բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է համապատասխանաբար 7.3%-ով և 4.0%-ով:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների հիմնական մասը կազմում են առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերումները` պայմանավորված 2015 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Ըստ ՀՀ ԿԲ իրականացրած եռամսյակային հարցումների` բանկերի համար գրավի իրացվելիության ռիսկը համեմատաբար բարձր է արտադրական նշանակության անշարժ գույքի, ինչպես նաև ՀՀ մարզերում և Երևանի ծայրամասերում գտնվող բնակարանների մասով:

2016 թվականին 2015-ի համեմատ, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված անշարժ գույքի ձեռքբերման վարկերի ծավալը և քանակը աճել են համապատասխանաբար 4.7% և 7.5%-ով: Միևնույն ժամանակ, գրանցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկային պորտֆելի բարելավում. անշարժ գույքի ձեռքբերման «չաշխատող» վարկերի մասնաբաժինն ընդհանուր անշարժ գույքի ձեռքբերման վարկերում նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 5.7%:

Տարվա ընթացքում 20.8%-ով ավելացել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության վարկավորումը, որի գծով ևս գրանցվել է վարկային պորտֆելի բարելավում: Մասնավորապես`բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված «չաշխատող» վարկերի մասնաբաժինը վերոնշյալ ոլորտին տրամադրված վարկերի մեջ նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել 6.7%:

2015 թ. համեմատ 2016 թ. անշարժ գույքի շուկայում ցածր ակտիվության մակարդակի պայմաններում 19.4%-ով նվազել են շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալները: Ընդ որում` նվազել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալները` համապատասխանաբար 5.3% և 27.2%-ով: Բնակչության միջոցներով ֆինանսավորվող բնակելի շենքերի գործարկման ծավալների առավել արագ տեմպով նվազման հետևանքով նվազել է դրանց մասնաբաժինը գործարկված բնակելի շենքերի ընդհանուր ծավալում և կազմել 58.0% (2015 թվականին` 64.2%): Շենքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասի համար անշարժ գույքի շինարարությանը խոչընդոտող հիմնական գործոնը շարունակում է մնալ պահանջարկի նվազումը: Այսպիսով` անշարժ գույքի շուկայի ակտիվության ցածր մակարդակը սահմանափակել է ֆինանսական հաստատությունների` անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները, այնուամենայնիվ, անշարժ գույքի գների տատանումները նշանակալի չեն եղել ֆինանսական համակարգի կայունության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]