Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեյցարացի պատմաբանը, «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիրը եւ մի խումբ այլ անձինք արժանացան Նախագահի մրցանակին

Շվեյցարացի պատմաբանը, «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիրը եւ մի խումբ այլ 
անձինք արժանացան Նախագահի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք բնագավառներում զգալի ավանդ ներդրած անձանց շնորհեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակները: Բնագավառները բազմազան են՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, գրականություն, արվեստ, դասական երաժշտություն: Մրցանակակիրներին պարգեւները շնորհեցին Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

2016 թվականի մրցանակների արժանացան «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու, Հանս-Լուկաս Կիզերին Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի,
Գևորգ Բաղդասարյանը և Մարինե Միկիլյանը տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում ներդրած ավանդի,
Ղուկաս Սիրունյանը «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ Ռիմա Նանյանը «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի, Լևոն Պողոսյանը «Հին Աստվածներ» քանդակների շարքի, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Մարիաննա Մարտիրոսյանը «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար եւ այլք:

Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակակիրներին՝ մաղթելով նրանց ստեղծագործական մեծ եռանդ և նորանոր ձեռքբերումներ:

«Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք և շփվում նման հաճելի առիթով՝ պատշաճ գնահատելով ձեր վաստակը:
Այդ գործում արդեն տարիներ շարունակ մեզ սատարել են Պողոսյան ընտանիքի հարգարժան անդամները: Օգտվելով առիթից՝ ելույթիս հենց սկզբում ցանկանում եմ բոլորիս անունից մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնել նրանց այս կարևորագույն աշխատանքը համատեղ կատարելու համար: 
Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սևեռուն և հետևողական նպատակադրում: Տեղեկատվության, գիտելիքի, հմտության և փորձի համադրումը երբեք չի կարող անհետևանք լինել: Դրանք են այն ամուր հիմքերը, որ բերում են ստեղծագործական թռիչքի: Վստահ եմ, որ այս պարգևին արժանացած յուրաքանչյուր ոք ունի իր երկարամյա ջանքերի, ճշմարտության փնտրտուքների, սխալների հայտնաբերման և շտկման մի յուրահատուկ պատմություն: 
Այս պարգևատրումը առաջին հերթին երիտասարդների համար թող լինի հաջողության պատմության առաջին էջը, որպեսզի նոր պարգևները և միջազգային ճանաչումը չուշանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ նախագահը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Շվեյցարացի Հանս Լուկաս Կիզերը, ում շնորհվեց մրցանակ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար, նշեց, որ շատ ոգեւորված է, քանի որ տարիներ շարունակ միայնակ աշխատելով արժանանում է Հայաստանի նախագահի մրցանակի:

«Չնայած 1980-ական թվականներից անդրադարձել եմ Հայաստանին, սակայն երբեք այստեղ չեմ եղել։ Հիմա մի երկրում եմ, որն իմ սրտի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ 1980-ականներից է սկսել հետաքրքրություն Հայաստանի հանդեպ։ Իմ գիտական ուսումնասիրությունը ի հայտ եկավ որպես ներդրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իմ աշխատանքը քաղաքական չէ, ես այն որպես պատմաբան եմ կատարել։ Չկա մի ցեղասպանության ուսումնասիրություն, առանց հղում անելու Հայոց ցեղասպանությանը»,-ասաց շվեյցարացի պատմաբանը՝ հավելելով, որ առաջիկայի համար տեսնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թույլ հեռանկար:

«Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանն էլ նշեց, որ Թուրքիայում հայության համար աշխատելու ավելի շատ հարմարություններ կան, քան օրինակ՝ Ամերիկայում կամ Ֆրանսիայում:

«Մարդիկ մոտենում են, շնորհավորում ու  ասում,  որ դժվար պայմաններում ենք աշխատում, դա հերոսություն է, եւ այդ պահին ես հանկարծ մտածեցի, թե արդյոք մեր պայմաններն են շատ դժվար, թե օրինակ՝ ամերիկահայերինը կամ ֆրանսիահայերինը: Կարծես, ես ավելի հանգիստ եմ իմ գործերի մեջ: Մենք ավելի դժվար պայմաններում չենք, պարզապես  հայատյաց կառավարություններ կան մեր շուրջ ամբողջ 100 տարի, եւ այդ հայատյաց քաղաքականությունը ժողովրդին թունավորելուն է միտված, եւ բնականաբար մարդկանց մի մասի վրա այն ազդեցություն է ունենում: Ավելորդ մի մտահոգվեք,  մենք մեր երկրի մեջ ենք, Արեւմտյան Հայաստանում ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Էստուկյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2017թթ.) 348 անհատ և կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am