Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը. Շտեֆան Դրեեսման

Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական 
գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը. Շտեֆան Դրեեսման

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն այս ոլորտի զարգացման տեմպերը դանդաղ են ընթանում: «Արմենպրես»-ի թղթակիցը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարների, առկա ներուժի և խնդիրների վերաբերյալ զրուցել է Սաքսոնիայի  սննդամթերքիգյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շտեֆան Դրեեսմանի հետ: Գերմանացի մասնագետը մեր երկիր է ժամանել այստեղ օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու ուղղությամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ կազմակերպած ծրագրերին մասնակցելու նպատակով

-Պարո՛ն ԴրեեսմանՁեր գնահատմամբ ինչպիսի՞ն է Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ինչպիսի՞  հնարավորություններ եք Դուք տեսնում  Հայաստանում այս ոլորտի զարգացման համար։

-Վստահ եմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հնարավոր գործընթաց է: Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են գնել էկոլոգիապես մաքուր ապրանքներ, այդ պատճառով դրանց հանդեպ պահանջարկն աճում է: Բացի դրանից, ավելանում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը, ովքեր ցանկանում են մշակել արտադրանք առանց քիմիական նյութերի օգտագործման: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողների համար շահույթն ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվողներինը: Պահանջարկի և գյուղատնտեսների համար օգտակարության առումով այն ձեռնտու է:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մեծ ներուժ կա: Մինչ այժմ քիմիական նյութերի օգտագործման ծավալներն այդքան մեծ չեն եղել, և դա նույնպես դրական միտում է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Բացի այդ, գյուղատնտեսական նշանակության շատ հողատարածքներ անմշակ են, այդ պատճառով հնարավոր է այդպիսի տարածքներն օգտագործել օրգանական գյուղատնտեսության համար: Կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մի շարք գյուղատնտեսական մթերքներ աճեցնել առանց քիմիական հավելումների:

-Դուք արդեն չորրորդ անգամ եք Հայաստանում: Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվել Հայաստանի գյուղատնտեսության, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում այս ընթացքում:

-Ճիշտ է, չորրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին անգամ եղել եմ երկու տարի առաջ: Չնայած մի քանի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց այս օրերի ընթացքում համոզվել եմ, որ վերջին շրջանում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում շատ ներդրումներ են կատարվել, և ես նկատել եմ ոլորտի փոփոխությունը: Այն ակնհայտ է, քանի որ նկատվում է, որ մի շարք տարածքներ, որոնք նախկինում չէին օգտագործվում, այժմ մշակվում են: Կառուցվել են շատ ջերմոցներ, ջերմատներ և պլանտացիաներ: Լսել եմ, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում նույնպես նկատվում են զարգացումներ: Միանշանակ է, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ, և հնարավորություններն ավելի շատ են, քան այժմ իրացվում են: Մեծացել է ֆերմերների թիվը, ովքեր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, սակայն այդքանը դեռ բավարար չէ: Եթե մատուցվի խորհրդատվություն, ապա նրանց թիվը զգալի կավելանա:  Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մթերքների շուկա ստեղծել, ինչպես նաև արտահանման համար շուկաներ գտնել: Այդ նպատակով այժմ Հայաստանում  համագործակցում են գերմանական NABU ընկերությունը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը: Նրանք խորհրդատվություն են մատուցում ոլորտում գործունեություններ ծավալելու համար: Մի կողմից՝ հարկավոր է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների մեծացումը, մյուս կողմից՝ գտնել վերամշակողների:

-Ի՞նչ խոչընդոտներ եք Դուք տեսնում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

-Օրգանական գյուղատնտեսության զարգացումը դրական ազդեցություն կունենար աշխատատեղերի ստեղծման համար: Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող օրգանական գյուղատնտեսության այնպիսի շուկաներ լինել, ինչպիսիք Գերմանիայում են, որտեղ ֆերմերները կարող են վաճառել իրենց արտադրանքները: Գերմանիայում կան շարժական շուկաներ, դրանք կարող են լավ աշխատել նաև Հայաստանում: Օրգանական գյուղարտադրանքները կարող են վաճառվել բարձր գներով, և ֆերմերները կարող են մեծ օգուտներ ունենալ:

Հայաստանի համար խոչընդոտ է այն, որ քիչ ֆերմերներ են զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, և շատ քիչ վերամշակողներ կան: Եվրոպա և ԱՄՆ արտահանման համար հարկավոր է օրգանական մթերքների մեծ ծավալ ապահովել: Բացի այդ, հարկավոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին խորհրդատվություններ տրամադրել: Ներուժը կա, սակայն հարկավոր է այս խոչընդոտների վերացման ուղղությամբ լայն աշխատանքներ իրականացնել: Այդ նպատակով ողջունում եմ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի կողմից ոլորտին ուղղված ուշադրությունը:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանում մշակվող էկոմթերքը: Ո՞ր երկրների շուկաներում այն կարող է պահանջված լինել:

-Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունում մեծ ներուժ ունեն հատկապես մի շարք արտադրատեսակներ: Առաջին հերթին դրանք տարբեր խոտաբույսերն ու համեմունքներն են, ինչպես նաև չրերը, որոնք ոչ բոլոր երկրներում են արտադրվում: Նաև ծիրանի, թթի, նռան արտադրություններն են, որոնք կարող են որպես օրգանական մթերքներ վաճառվել: Սակայն մեծ և դժվարին ճանապարհ կա անցնելու: Մեծ ներուժ կա նաև սերմերի, ընկույզի արտադրության համար, սակայն դրանց համար հարկավոր է զգալի քանակություններ ունենալ, որոնք հաստատուն ծավալներով կարող են արտահանվել: Այդ պատճառով խնդիր է առաջանում գտնել այնպիսի ֆերմերների, ովքեր կարող են դրանք մեծ ծավալներով արտադրել, և մեկ այլ խնդիր է նաև դրանց համար սահմանից այն կողմ գնորդներ գտնելը:

-Ի՞նչպես է կազմակերպվում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացը: Այս գործընթացում բոլոր շուկաները կարո՞ղ են, արդյոք, հասանելի լինել հայ արտադրողներին:

-Առաջին հերթին հարկավոր է արտադրել օրգանական գյուղմթերք բավարար ծավալով և գտնել դրանց համար գնորդներ, սակայն հարկավոր է, որպեսզի դրանք լինեն համապատասխան որակի, որոշակի ստանդարտների: Այսօր ամբողջ աշխարհում պահանջարկ կա նման մթերքների նկատմամբ: Առաջին քայլը սերտիֆիկացումն է, այնուհետև ամբողջ արտադրական գործընթացում չափանիշների բավարարումը: Արտահանման համար հարկավոր է, որ լինեն ակտիվ նախաձեռնողներ, որոնք կզբաղվեն այդ արտադրանքի արտահանմամբ:

-Պարո՛ն Դրեեսման, ինչպե՞ս պետք է իրականացնել աջակցությունն օրգանական գյուղատնտեսությանը: 

-Նախ ցանկանում եմ ողջունել այն բանկերին, որոնք ոլորտի զարգացման համար ջանքեր են գործադրում: Դրական է, երբ բանկն օժանդակում է ֆերմերների նախաձեռնություններին՝ հատկապես նորարարական ոլորտներում: Սովորաբար օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցում է պետությունը: Նաև շատ մասնավոր կազմակերպություններ աջակցում են ֆերմերներին` հաճախ նրանց տրամադրելով գյուղտեխնիկա, ֆինանսական միջոցներ, որպեսզի նրանք անցում կատարեն օրգանական գյուղատնտեսության: Քանի որ Հայաստանում միայն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է դրանով, զբաղվում, այլ օրինակներ չգիտեմ:

-Գերմանիայում կա՞ն հայկական արտադրության օրգանական գյուղմթերքներ:

-Որքանով տեղյակ եմ, Գերմանիայում շատ քիչ ծավալով հայկական օրգանական գյուղմթերք կա: Այդ նպատակով ուզում եմ ընդգծել, որ դրանց հանդեպ պահանջարկ կա, սակայն դրանք պետք է համապատասխանեն չափորոշիչներին, ինչպես նաև հարկավոր է պետության աջակցությունն օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

 - Ի՞նչ եք կարծում, ֆերմեր և բանկ  համագործակցության այս մոդելը ձեռնտո՞ւ է  գյուղատնտեսության  զարգացման համար։

-Բանկն ունի շատ հնարավորություններ զարգացնելու օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ներդրումներ իրականացնելով այդ ոլորտում՝ բանկը հետագայում հնարավորություն կունենա օգուտներ քաղել դրանից: Բանկը կարող է նաև պարզապես քարոզչական աշխատանք տանել հօգուտ օրգանական գյուղատնտեսության և ներգրավել հաճախորդներ:

Ինձ հայտնի չեն օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղված պետական ծրագրեր, բայց միանշանակ է, որ գյուղացիական տնտեսություն ստեղծելու համար հարկավոր են ներդրումներ, և հարկավոր է քայլեր ձեռնարկել արտադրանքի ծավալների մեծացման համար: Հարկավոր են ներդրումներ, իսկ երբ չկան օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ պետական ծրագրեր, ապա ներդրումների միակ աղբյուր կարող են հանդիսանալ բանկերը: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն այս ոլորտի զարգացման համար իրականացնում է մի շարք ծրագրեր:

Հարցազրույցը՝ Վահե Հակոբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]