Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին 
հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի վեց խոշոր խմբակցությունները ներկայացնող՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«Զրուցակիցներն արժևորեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ 2017թ. մարտին Երևանում նախաստորագրված և նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ստորագրման նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական դաշտը կարգավորող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր հարթություն կտեղափոխի երկկողմ հարաբերությունները:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մայիսի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստի արդյունքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ ընտրություններն աննախադեպ էին տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ԵՄ-ից գործուղված բազմաթիվ դիտորդների ներգրավվածության առումով, ովքեր փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և կարևորեց միջորդների գործունեությանը սատարելու Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշմանը»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]