Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն ընդունել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

ԱԺ նախագահն ընդունել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ովքեր ներկայացնում էին Գերմանիան, Հունգարիան, Խորվաթիան, Լատվիան, Բուլղարիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Իտալիան, Հայաստան էին այցելել Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տարածաշրջանային այցի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամները՝ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը (ՀՀԿ խմբակցություն), Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» խմբակցություն), Արմեն Ռուստամյանը, Արմենուհի Կյուրեղյանը (ՀՅԴ խմբակցություն), Նիկոլ Փաշինյանը եւ Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանն Ազգային ժողովում եւ ներկայացրել ԱԺ խմբակցությունների անդամներին:

ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը եւ ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ընթացող Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության աջակցությունը տարբեր բնագավառներում:

Ժողովրդավարության զարգացման եւ մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կազմված սեւ ցուցակին, որտեղ հանիրավի հայտնվում են Արցախ այցելած օտարերկացիները, ովքեր ցանկություն են հայտնում իրավիճակին տեղում ծանոթանալու:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ սահմանային միջադեպերի ընթացքում զոհվող երիտասարդների հարցին, վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ նշել. «Որպես բժիշկ՝ խորհրդային տարիներին բուժել ու վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եւ ցավալի է, որ այս օրերին կորցնում ենք մեր երիտասարդներին. խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով»:

 Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը շնորհավորել է Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ ներկայացրել իր գլխավորած պատվիրակության կազմը: Նա ցանկություն է հայտնել լսելու թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ ընդդիմության կարծիքները երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիներին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելություններին Արցախ:

Զրույցի ընթացքում իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]