1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուբեն Մելքոնյանը վաղ է համարում Արամ Աթեշյանին լիովին հրաժեշտ տալու մասին խոսելը

Ռուբեն Մելքոնյանը վաղ է համարում Արամ Աթեշյանին լիովին հրաժեշտ տալու մասին 
խոսելը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը Մայր Աթոռի ու Գերագույն հոգևոր խորհրդի, Թուրքիայում հայ համայնքի պահանջների տրամաբանական շարունակությունը չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ հայտարարեց, որ պատրաստվում է ընդունել նոր ընտրված տեղապահին, նրան փոխանցել իշխանությունը, ընդ որում, ընդունել արարողակարգով: Դա կարող էր անել ավելի վաղ և որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու այսքան երկարեց գործընթացը: Եթե նայում ենք Աթեշյանի քայլերին, ապա ակնհայտ է դառնում, որ նա առաջնորդվում է ոչ թե եկեղեցական շահով, ոչ թե Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից եկած, այլ թուրքական իշխանության տարբեր օղակներից եկած հրահանգով: Ինչպես ենթարկվելով այդ նույն հրահանգին նա համառորեն մնում էր կառչած պատրիարքի փոխանորդի աթոռին, այնպես էլ կրկին այդ նույն եկած հրահանգով` ստիպված եղավ հրաժարական տալ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ այս տարիներին Արամ Աթեշյանի գործողությունները համայնքը, Պոլսո աթոռը հասցրել են այնպիսի ծայրահեղ վիճակի, որ դրանից դուրս գալը դեռ երկար ժամանակ է պահանջելու: Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, Արամ Աթեշյանը, անկախ ամեն ինչից, եկեղեցական պատմության մեջ հիշվելու է առավելապես բացասական շեշտադրումներով, քանի որ այս տարիների պաշտոնավարումը չլուծեց համայնքի որևէ խնդիր, էլ ավելի խորացրեց եղած խնդիրներն ու անջրպետ ստեղծեց:

Թուրքագետը նշեց, որ թուրքական իշխանությունների համար հասկանալի դարձավ, որ Արամ Աթեշյանը որևէ իշխանություն չի վայելում ոչ համայնքում, ոչ եկեղեցում, ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում: Չնայած նա հավատարիմ է թուրքական իշխանություններին, բայց նման անձի ծառայություններից օգտվելը, ըստ թուրքագետի, թերևս, այդ պահին պետքական չէ թուրքական իշխանություններին: Արամ Աթեշյանը որևէ լծակ, ազդեցիկություն, հեղինակություն չունի, որի շնորհիվ կկարողանա օգուտ բերել թուրքական իշխանություններին: Ամեն դեպքում Ռուբեն Մելքոնյանը վաղ է համարում Աթեշյանին լիովին հրաժեշտ տալու մասին խոսելը, քանի որ նա Պոլսո Աթոռի երեք եպիսկոպոսներից մեկն է, և բնական է, որ շարունակելու է իր ներկայությունն այդ համայնքում, պատրիարքությունում: Ավելին` համապատասխան հրահանգի դեպքում կրկին մտնելու է այդ գործընթացի մեջ՝ իրականացնելու այն ապակառուցողական խնդիրները, որոնք կդրվեն նրա առաջ: 

«Բավարարվենք նրանով, որ Արամ Աթեշյանն ի վերջո իր մեջ ուժ գտավ և, ենթարկվելով հրահանգներին, հրաժարական տվեց: Հուսանք, որ նրա հրաժարականը սկիզբ կդնի ի վերջո պատրիարքի ընտրության գործընթացին, որի իրականացման համար տեղապահ Բեքչյանը կունենա բոլոր լիազորություններն օր առաջ լուծելու ստեղծված խնդիրը»,-ասաց Մելքոնյանը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]