Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովհաննես Ազիզյանը ներկայացրեց ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացնելու համար երեք առաջնահերթ քայլերը

Հովհաննես Ազիզյանը ներկայացրեց ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացնելու համար երեք 
առաջնահերթ քայլերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համոզված է, որ զբոսաշրջությունը երկրի տնտեսության զարգացման առաջնային հիմնաքարերից մեկն է: «Հայաստանի քարտեզագրումը որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» խորագրով համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: «Մենք գիտակցում ենք, որ զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում միջազգային հանրության մոտ մեր երկրի նկատմամբ  դրական ընկալում ձևավորելու հարցում: Գտնում ենք, որ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության ներդրումը՝ պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, կարող է բերել մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչն արդեն նկատվում է վերջին մի քանի տարիներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ազիզյանը:

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը զբոսաշրջության ոլորտում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրել, ինչի արդյունքում գնալով ավելանում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը: «Մեր հարուստ մշակութային ժառանգությունը, մեր երկրի գեղեցիկ բնությունը, խոհանոցը և հայ ժողովրդի հյուրընկալությունը նորանոր զբոսաշրջիկների են գրավում և մեծացնում են հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Մենք շարունակում ենք բարելավել մեր ենթակառուցվածքները՝ զբոսաշրջիկների համար ավելի լավ պայմաններ ապահովելու և նրանց ավելի բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար: Այսօր մեր գործադրած ջանքերի արդյունքներն արդեն երևում են, սակայն սա դեռ բավարար չէ: Այս հարցում մեզանից յուրաքանչյուրը կարևոր դերակատարում ունի և մեր հաջողությունը կախված է մեր համագործակցության արդյունավետությունից»,- ընդգծեց փոխնախարարը:

Նա երեք ուղղություն նշեց, որտեղ Հայաստանը դեռ անելիքներ ունի՝ զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: «Մենք պետք է շարունակենք զարգացնել օդային փոխադրումները, որպեսզի ավելի հարմարավետ փոխադրումներ առաջարկենք զբոսաշրջիկներին: Պետք է զարգացնենք զբոսաշրջային ենթակառուցվածքները. դեռևս ճանապարհների, հյուրանոցների հետ կապված խնդիրներ ունենք: Նաև պետք է զարգացնենք մեր, այսպես ասած, զբոսաշրջային տաղանդը: Այսինքն, մենք ունենք հարուստ մշակութային ժառանգություն, լավ խոհանոց, հյուրընկալ ժողովուրդ, սակայն պետք է համապատասխան հմտություններ ունենանք, որպեսզի միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցենք, քանի որ զբոսաշրջիկները սովոր են ստանալ բարձրակարգ ծառայություններ և վճարել դրանց համար»:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը լայն բացել է իր դռները զբոսաշրջիկների և ներդրողների համար. «մենք պատրաստ ենք ավելի լայն բացել այդ դռները, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ինչպես օտարերկրյա գործարարների և նրանց ընտանիքներին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում»,- եզրափակեց Հովհաննես Ազիզյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]