Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը միտված է մի քանի տարում զբոսաշրջիկների թիվը եռապատկելուն

Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը միտված է մի քանի տարում 
զբոսաշրջիկների թիվը եռապատկելուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության առաջնային նպատակներից է մի քանի տարվա ընթացքում երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը եռապատկելը: «Հայաստանի քարտեզագրումը` որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը բխում է հենց այդ նպատակից: Մենք որպես զբոսաշրջային զարգացման թիրախներ ընտրում ենք մեզ ամենամոտ, ամենահասանելի և Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող երկրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին էլ Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտում առաջնային կմնան այն երկրների շուկաները, որոնց հետ Հայաստանն աշխատում է: Այդ երկրներն են Ռուսաստանը, Իրանը,համեմատաբար նոր շուկա համարվող Արաբական Ծոցի երկրները, Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթ: «Այս ամենը չի բացառում, որ մենք այլ երկրների հետ չենք աշխատելու և քայլեր չենք ձեռնարկելու այլ երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք նաև ներքին զբոսաշրջության զարգացումը, որովհետև ամեն ինչ սկսվում է ներքին զբոսաշրջությունից: Այսինքն, առաջին հերթին մենք պետք է ճանաչենք և սիրենք մեր հայրենիքը»,- ընդգծեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Զեյթունցյանն այն կարծիքին է, որ շատ ավելի ճիշտ մարտավարություն է զբոսաշրջիկներ ներգրավելու  համար թիրախավորել ոչ շատ թվով շուկաներ և ակտիվ աշխատանքներ տանել դրանք նվաճելու ուղղությամբ: «Ես անգամ կարող եմ ասել, որ Հայաստանի համար առկա թիրախային շուկաների քանակությունն էլ շատ է: Իրականում պետք է լիներ 2-3 շուկա, որպեսզի մենք կարողանայինք շատ արագ իրականացնել կառավարության ծրագիրը՝ միտված զբոսաշրջության զարգացմանը: Բայց ելնելով այն հանգամանքից, որ մենք ունենք ուղիղ չվերթ շատ երկրների հետ՝ մենք չենք կարող չաշխատել այդ շուկաների հետ: Բայց այդ աշխատանքը պետք է իրականացնենք՝ դրանցում ներգրավելով հայկական սփյուռքը,  դիվանագետներին և այն ավիաընկերություններին, որոնք հետաքրքրված են զբոսաշրջիկների փոխադրումներով»,- եզրափակեց Զեյթունցյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]