Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում բացվել է վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Երևանում բացվել է վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի անհատական 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում մայիսի 24-ին տեղի ունեցավ վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին՝ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը նշեց, որ իրենց համար կրկնակի տոն է, քանի որ պատկերասրահում առաջին անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել:

Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկներն ամբողջությամբ հայկական են: «Ապրելով և ստեղծագործելով երբեմնի հայ մշակույթի կենտրոն Թբիլիսիում`  Արմենն իրեն լավագույնս դրսևորել է արվեստի համարյա բոլոր բնագավառներում և բազմիցս արժանացել բարձր գնահատականի, սակայն արվեստի նրա սիրած ճյուղը տիկնիկագործությունն է: Մինչ օրս Արմենը ստեղծել է 200-ից ավելի տիկնիկ և հասցրել է իր լավագույն գործերը ներկայացնել արվեստասեր հասարակության գնահատանքին՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կազմակերպված տարբեր միջոցառումների և ցուցահանդեսների ժամանակ, - նշեց նախարարի տեղակալը՝ հավելելով, - այսօրվա ցուցահանդեսը հայ-վրացական բարեկամության մի յուրօրինակ արտահայտություն է, քանի որ  Արմենի ստեղծած խոսուն տիկնիկների հավաքածուն Հայրենիքում է և ներկայանում է հայաստանցի հանդիսատեսին թիֆլիսյան ինքնատիպ կոլորիտով: Հեղինակը յուրովի է կերտել Փարաջանովի, Թումանյանի, Կոմիտասի կերպարները: Ուրախալի է, որ Արմենը երիտասարդ է և ունի բազմաթիվ նոր մտահղացումներ ու  նախաձեռնություններ»:

 

Սերժ Սրապիոնյանը տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը, որով նա պարգևատրվել է վիրահայ համայնքում հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում ներդրման համար, ինչպես նաև ծննդյան 30-ամյակի առթիվ:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱԵ Վիրահայոց թեմի Սբ. Էջմիածին եկեղեցուն կից գործող «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը՝ նշելով, որ Արմենի այս ցուցադրությունը խորհրդանշական է: Այն վկայում է, որ վիրահայերի տաղանդը նոր ծիլեր է տալիս և առաջիկայում կյանքի կկոչվի հեղինակի՝ շրջիկ տիկնիկային թատրոն ստեղծելու մեծ երազանքը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցադրությանն աջակցելու համար՝ ՀԱԵ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ բարի տիկնիկներ չեն լինում: Այս սրահը մեզ տարավ դեպի մեր մանկություն: Արմեն Հովհաննիսյանը նաև բանաստեղծ է և հրաշալի ստեղծագործությունների հեղինակ: Նրա տիկնիկներն արժանացել են նաև վրացիների ուշադրությանն ու հիացմունքին, տեղ գտել և՛ վրացական, և՛ հայկական տիկնիկների թանգարաններում»:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ հեղինակը՝ Արմեն Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ իր ստեղծագործությունները Երևանում ներկայացնելու համար և ընթերցեց իր բանաստեղծություններից մեկը: «Ես չեմ ուզում խոսել: Առաջարկում եմ դիտել իմ տիկնիկները, նրանք կխոսեն իմ փոխարեն», - նշեց հեղինակը:

Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]