1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյուղնախարարի պաշտոնակատարը Նախագահին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

Գյուղնախարարի պաշտոնակատարը Նախագահին զեկուցել է ոլորտի բարեփոխումների 
և իրականացվող ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը մայիսի 24-ին զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաև նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը: 

Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանմանը, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, գյուղտեխնիկայի պարկի արդիականացման և գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման նպատակով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի իրականացմանը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերը:

Նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է նաև հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել և շարունակել աշխատանքը ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատչելի ռեսուրսներով ապահովելու, պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Իգնատի Առաքելյանը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կընձեռեն խաղողագործության և գինեգործության ոլորտներում զարգացում ապահովել, բարելավել գինու արտադրանքի որակը, բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը և խթանել արտահանումը:

Նախարարի պաշտոնակատարի զեկույցը ներառել է նաև ապահովագրական համակարգի ներդրման, մթերման գործընթացի կանոնակարգման, անտառպահպանական ծառայությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև Սևանա լճի ավազանում ձկան և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման ծրագրերի ընթացիկ ու ակնկալվող արդյունքները, տոհմային անասնաբուծության, սերմնաբուծության և սերմնարտադրության համակարգի խթանմանն ուղղված ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

Հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին զեկուցված հարցերի վերաբերյալ տրվել են նաև մի շարք այլ հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]