1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է ներառի նաև աշխատանք մուսուլմանական համայնքի հետ. արաբագետներ

«Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է ներառի նաև աշխատանք 
մուսուլմանական համայնքի հետ. արաբագետներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ դեռևս ներդրված չեն, քանի որ այդ կազմակերպության կողմից ահաբեկչական գործողությունները աշխարհի տարբեր հատվածներում շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Անգլիայի Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում համերգի ժամանակ «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանն ընդգծեց, որ նման գործողություններով ԻՊ-ը ցանկանում է ցույց տալ, որ մշտապես սպառնալիք են հանդիսանում և իրենց հետ պետք է հաշվի նստել:

«Ընդհանրապես հարկավոր է հաշվի նստել իսլամական ծայրահեղ արմատականության հետ, որովհետև հնարավոր է այլ կառույցներ նույնպես, այդ ահաբեկչությունների ազդեցության տակ լինելով, փորձեն ակտիվանալ Արևմուտքում: Իսկ հայտարարությունները, ահաբեկչությունների բնույթը զանգվածային կուտակման վայրերում ցույց են տալիս, որ «Իսլամական պետություն»-ը շարունակում է նման վարքագծով անհանգստցնել արևմտյան երկրներին:  Նրանք ցանկանում են ցույց տալ, որ  մարտահրավեր են նետում համայն աշխարհին և այն ուժային կենտրոնները, երկրները, որոնք չեն կիսում իրենց գաղափարախոսությունը, դառնալու են իրենց թիրախը: Ուստի բավականին վտանգավոր զարգացումներ են սպասվում»,- ասաց Գրիգորյանը:

Արաբագետը հավելեց, որ ԻՊ-ը  նման վարքագծով ցույց են տալիս, որ թեկուզ Մերձավոր Արևելքում տարածքներ է զիջում, սակայն այլ հատվածներում փորձելու է ակտիվ պահել ջիհադական պայքարը:  

Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ կարող է լինել տարբեր երկրներում իսլամական համայնքների հետ ակտիվ աշխատանքը: «Ես կարծում եմ, որ այդ կառույցի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ չեն նշմարվում, հակառակ դեպքում մենք նման պատկերներ չէինք տեսնի: Ես կարող եմ ասել, որ միակ ճանապարհը բավականին քրտնաջան աշխատանքն է մուսուլմանական համայնքի հետ արևմտյան երկրներում և Մերձավոր Արևելքում: Մզկիթներում հարկավոր է լուրջ աշխատանք տանել. այդ աշխատանքը ենթադրում է իսլամի դրույթները բացատրել, հասկացնել, որ շատ վատ է որ որոշ շրջանակներ փորձում են իսլամից վերցնել այն ծայրահեղական գաղափարները, որոնց վրա կառուցում են իրենց կյանքը: Հարկավոր է հասկացնել, որ սա շատ վատ է, որ սա հակասում է մուսուլմանական կրոնին: Այս հարցին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել և այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն: Հակառակ դեպքում մենք նման դրսևորումներ շարունակաբար կտեսնենք»,- ընդգծեց նա:

Արաբագետը նաև այն կարծիքին է, որ ԻՊ-ը, տարբեր կողմերից ճնշումների ենթարկվելով, փորձելու է փոխել իր մոտեցումները, որոնց մեջ ուղերձներ ենք տեսնում` ուղղված համայն մարդկությանը: Նրա խոսքով` չպետք է ուրախանալ, կամ ոգևորվել, որ այս կառույցը տարածքներ է զիջում, այլ պետք է ուշի ուշով հետևել մուսուլմանական համայնքների կյանքին և փորձել երիտասարդներին հեռու պահել նման վարքագծից:

Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Մանչեսթերի ահաբեկչությունը կատարվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում մասնակցեց հակաահաբեկչական գլոբալ կենտրոնի բացմանը, որը միտված է ահաբեկչության կանխարգելմանը: «Մանչեսթերի ահաբեկչությունը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունները շատ հեռու են իրենց առջև դրած խնդիրները լուծելուց»,- նշում է արաբագետը:

Նրա խոսքով` «Իսլամական պետություն»-ը մեծ թվով համակիրներ ունի աշխարհի տարբեր հատվածներում, ուստի այդ կառույցի դեմ պայքարը պետք է լինի համատեղ և միասնական, շատ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ԻՊ-ին չեզոքացնելուն միտված համատեղ գաղափարախոսություն ու գործելաոճ ձևավորվի: «Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շատ արագ բացահայտել և ոչնչացնել այս կառույցը սնուցող բջիջները»,- ասաց Քոչարյանը:

Արաբագետը հիշեցնում է, որ ԻՊ-ը արդեն բավականին երկար ժամանակ հռչակել է աշխարհի տարբեր հատվածներում իր համակիրների միջոցով ահաբեկչություններ իրականացնելու մարտավարությունը: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում փոխվել են ահաբեկչությունների մեթոդներն ու աշխարհագրությունը, սակայն մարտավարությունը շարունակում է նույնը մնալ:

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]