Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զինված ուժերում խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Զինված ուժերում խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել. Հրանտ 
Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մայիսի 23-ին հրավիրված ասուլիսում: Նրա խոսքով՝ ադրբեջանական մամուլում լայն արձագանք գտած հայկական կողմին տեղեկատվության փոխանցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությունը խոսում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին:

«Լուրեր ստացանք, որ զինծառայողները սպանվում են անհայտ պարագաներում իրավապահների կողմից  եւ փակ դագաղներում հանձնվում են հողին նույնիսկ առանց բացատրության, թե ինչու են նրանք սպանվում: Հետեւելով ադրբեջանական մամուլին՝ տեսնում ենք, որ երկու թեզ է շրջանառվում, թե իրականում ինչու պետք է այս զինծառայողներին ձերբակալեին: Ընդ որում, դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Առաջինն այն է, որ միգուցե Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ մրցակցություն է գնում, որ այսպես փորձում են միմյանց կադրերը լիկվիդացնել: Խոսք էր գնում նաեւ հնարավոր զինված ապստամբության մասին, եւ միգուցե, հենց դա էր բացահայտվել եւ կանխվել այսպես: Երկրորդ տարբերակը  հունվար-փետրվարին ներթափանցման փորձերը տապալելու մասին է: Կար հրաման նորից ապրիլյան դեպքերի նման մի բան ստեղծել,  միգուցե հրամանին չենթարկվելու կամ տապալելու համար հաշվեհարդար են տեսնում:  Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, տասնյակ սպաներ են ձերբակալվել, ինչը խոսում է տիրող ներքին իրավիճակի, նրանց  պատրաստվածության մասին, որն իր հերթին առիթ է տալիս մտածելու, որ նման Զինված ուժերով, նման խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ,  որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի»,-նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս արված հայտարարությունը, որում նշվում էր, թե Ադրբեջանն է մայիսի 15-ին նախահարձակ եղել,  առաջին հասցեական հայտարարությունը չէ, եւ պետք չէ դրան վերաբերվել որպես սենսացիոն ձեռքբերման: «Մինսկի խմբի համանախագահները կարծես թե շեշտադրեցին, որ Ադրբեջանն է եղել, սակայն  կոչերը կրկին ուղղված էին երկու կողմերին էլ՝ լինել ավելի կշռադատված, թույլ չտալ լարվածության աճ: Սա առաջին անգամը չէ, ինչպես բազմիցս նշվեց մամուլում: Հիշենք 2015 թվականի Կրակովի հանդիպումը, որից հետո Ադրբեջանին կոչ արվեց հետեւողական լինել ստանձնած պարտավորություններին: Կարծում եմ՝  շահեկան կլինի կողք կողքի դնել այս բոլոր հայտարարությունները եւ դրանք ընդունել որպես օրինաչափություն: Նման շեշտադրումներ էլի հնչել են, եւ սա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայում է դիրքորոշումը: Պետք է պարզապես խրախուսել, որպեսզի դա հետեւողական զարգացում ունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեպետ նման կոչերով որեւէ խնդիր չի լուծվում, բայց պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն օգտագործեն ողջ ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ՝ այդ երկրին զերծ պահելու իր ռազմատենչ քաղաքականությունից եւ իրականում խաղաղ ճանապարհով լուծման ճանապարհներ գտնելու համար:

Մելիք-Շահնազարյանը ղարաբաղյան հակամարտության համար քաղաքական լուծումներ դեռեւս չի տեսնում, սակայն տեսնում է քաղաքական ճանապարհով Ադրբեջանին զսպելու մեխանիզմներ: «Տեսնում եմ նաեւ հնարավորություններ, որ այլ պետությունների կողմից Արցախի  անկախությունը ճանաչվի»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ նախկինի պես տեսնում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ վերսկսելու շատ լուրջ պատճառներ ունի, այն է՝ վերականգնել ապրիլյան կորուստները, որոնք նաեւ քաղաքական էին: «Շարունակելով համոզված լինել, որ ռիսկը բավականին մեծ է՝ նաեւ տեսնում եմ, որ Ադրբեջանը հնարավորություն չունի այժմ ինչ-որ բան անելու: Նաեւ փետրվարյան դիվերսիաների ժամանակ Ադրբեջանը կորցրել է իր հարվածային հիմնական ուժերը՝ հատուկ ջոկատային ուժերի սպայակազմի հնարավորությունները, եւ այսօր պատերազմ չի սկսում բացառապես այն պատճառով, որ Ադրբեջանի ցանկությունները չեն համապատասխանում իր հնարավորություններին: Սա է պատճառը, որ ունենք խաղաղ իրավիճակ, եւ պետք է այս պահը օգտագործել քաղաքական զսպման մեխանիզմները գործի դնելու համար»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]