Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նշվեց «Թանգարանների միջազգային օրը»


 

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային օրն» անցավ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների, Արցախյան ազատամարտի վետերանների,  Մեծ հայրենականում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հարազատների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝
թանգարանային հանդիպում-միջոցառումը  կրում էր «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին` թանգարաններում» խորագիրը: 
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի մի շարք գիտաշխատողներ հանդես եկան հուշագրություն-ընթերցումներով, որոնք անդրադարձան Գավառ քաղաքի պատմական դիմանկարի մաս հանդիսացող պատկառելի հերոսների ու մտավորականների, ովքեր բռնադատվել են ստալինյան բռնապետության տարիներին: Նրանք են՝ Գավառ քաղաքի բնակիչներ՝ Հայոց ցեղասպանությունից վերապրած Հրաչյա Հովհաննիսյանը եւ քաղաքի անվանի բարերար Կոլոտ Հայրապետի միակ որդի Ստեփան Խաչատրյանը, ովքեր գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի, իսկ նրանց գերեզմանները գտնվել են տարիներ անց: Հիշատակվեցին նաեւ Մեծ հայրենականի  մասնակից նորբայազետցիները, մասնավորապես՝ Իտալիայի ազգային հերոս Գեւորգ Քոլոզյանը եւ Մկրտիչ Դաշտոյանը, նրանց  հերոսական անցյալն ու սխրագործությունները:
Մեծարվեցին  Արցախյան պատերազմի եւ Ապրիլյան քառօրյայի մասնակից  զինվորներն ու կամավորները, Արցախի եւ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորները՝ Արամայիս Ոսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Գուրգեն Այվազյանը:
 Ելույթներով հանդես եկան Ապրիլյան քառօրյայի մասնակից գավառցիները: 
Ոգեկոչման եւ հայրենասիրությամբ լեցուն մթնոլորտում Երկրապահ կամավորների միության Գավառի տարածքային բաժանմունքի կողմից իրենց տոնի շրջանակներում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի ողջ աշխատակազմը պարգեւատրվեց ԵԿՄ  շնորհակալագրերով:

 

 

Խոսրով Խլղաթյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ