1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփմանը

Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի 
արդյունքների ամփոփմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը: Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին և աշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացվում են հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում, կուտակել են կրթական որոշակի արդյունքներ և ուսանելի փորձ, որը կարելի է կիրառական դարձնել և տարածել նաև հանրակրթական մյուս դպրոցներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Հեղինակային կրթական ծրագրերի շատ հետաքրքիր փորձ է կուտակվել, որը տարիների ընթացքում արդեն բռնել է քննություն, հետևաբար այն այլևս չի կարելի դիտարկել այլընտրանքային կամ փորձնական: Մենք հասել ենք մի փուլի, երբ նմանատիպ դպրոցները պետք է հասարակությանը և պետությանը պարզորոշ ներկայացնեն իրենց ձեռքբերումները, խնդիրներն ու արդյունքները, մասնավորապես, որ հարցերում են հաջողել, որտեղ ունեն բացթողումներ: 21–րդ դարն ունի կրթության նոր պահանջներ, մենք կրթական միջավայրը դիտարկում ենք ազատ նախաձեռնությունների հարթակ. կրթական ձևաչափերն այնքան արագ են զարգանում, որ ֆորմալ սահմանափակումներ մտցնելու յուրաքանչյուր փորձ կարող է բացասական անդրադառնալ կրթության որակի վրա»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքների նոր փուլ սկսել առանձնահատուկ մոդելներով աշխատող տարբեր դպրոցների հետ:

Նպատակը, ըստ ԿԳ նախարարի, տարբեր հեղինակային ծրագրերից ընտրված նախագծերի վերլուծությունն է. «Մենք այսօր ունենք տարբեր ծրագրերի հաջողված փորձ. Ֆիզմաթ դպրոցների փորձը, հմտությունների զարգացման Սեբաստացի կրթահամալիրի փորձը և այլն: Ընդհանրացված կերպով մենք այսօր ունենք բազմաշերտ կրթական հանրույթ: Նրանց հաջողությունները կարող են ներառվել դպրոցների զարգացման համալիր ծրագրերում և ներդրվել նաև այլ դպրոցներում: Տարբեր ծրագրերին միավորում է մեկ ընդհանուր գաղափար. այն է՝ նրանք բոլորը ձևավորում են ՀՀ անկախ պետականության քաղաքացիներ: Այս առումով կարևոր է, որ ձևավորվող քաղաքացին ազատ, ստեղծագործ անհատ լինի՝ ազգային և համամարդկային արժեքների կրող: Մեր նպատակը կրթական ընդհանուր չափորոշիչների պահպանումն է, իսկ ձևի ընտրության մեջ մենք կարող ենք և պատրաստ ենք տալ ազատություններ դպրոցին»: Միջոցառման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրում կիրառվող հեղինակային կրթական ծրագիրը:

«Մեր գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է, որը կրթության որակի ամենաակտիվ և պատասխանատու օղակն է: Մենք սահմանել ենք ուսուցչի մեր չափանիշը. Դա անընդհատ սովորող ուսուցիչն է, որը կարողանում է անընդհատ սովորելու գործընթացի մեջ ներառել նաև աշակերտին: Նա այս գործընթացում ձեռք է բերում ստեղծական որակներ, մշակում է իր անհատական դասընթացը, ծրագրերը, հավաքում է դրա համար անհրաժեշտ նյութեր, ընտրում է դասավանդման ձևը և ամենակարևորը դառնում է այս կրթական մոդելի տարածողը»,- նշել է Ա. Բլեյանը: Որպես հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն՝  նա ընդգծել է բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության մեծ կիրառումը, ինտերակտիվությունը, անհատական կրթական ծրագրի կազմումը և ընտրությունը, գնահատման առանձնահատկությունները, լրացուցիչ կրթության ներառումը կրթական ծրագրում և այլն: Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում՝ հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումների և խնդիրների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]