Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Հայաստանի ոսկերչության և ադամանդագործության ոլորտի աճը կպահպանվի մինչև տարեվերջ. նախարարի խորհրդական


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոսկերչական ոլորտը զարգանում է վերջին 1.5 տարվա ընթացքում, հատկապես վերջին 6 ամսում կրկնակի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` աճի տեմպը կպահպանվի մինչև տարվա վերջ:

«Հայաստանի Հանրապետության ոսկերչության, ադամանդագործության զարգացման մշտական առանցքը եղել է Ռուսաստանը՝ և հումքի մատակարարումների, և ամենապատկառելի շուկաների առումով: Մեր արտադրանքը հատկապես ընկալելի և հասանելի է այդ տարածքում: Շատ կարևորում ենք ՌԴ-ի հետ հայկական այս բիզնես տեսակի հետագա զարգացումը: Խնդիր է դրված նաև հետագա սերտ կապերը խորացնել ռուսական կառույցների հետ, որոնք ներկայացնում են բիզնես համայնքի շահերը: Հայաստանը փոքր երկիր է և չի կարող այդքան մեծ քանակությամբ արտադրանք «մարսել»: 95-97 տոկոսն արտահանվում է: Մեր խնդիրն է արտահանման այս ծավալներին հետևել, թե որ ուղղություններով են դրանք շարժվում: ԵԱՏՄ-ն Հայաստանի համար բավականին լավ շուկա է և այսօր ունենք արտահանման զգալի աճ»,- ասաց Մկրտչյանը` հատկապես մատնանշելով դեպի ՌԴ-ի և Ղազախստանի շուկաներ արտահանման զգալի աճը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականին հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 12 մլրդ 135,1 մլն դրամի ոսկերչական արտադրատեսակ, ինչը 2016 թվականին հունվար-մարտի համեմատ ավելացել է 2,7 անգամ: Միայն մարտին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կազմել է  5 մլրդ 94,9 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 96,1 տոկոսով:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ