Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

ՀՀ Նախագահին Սուրեն Կարայանը զեկուցել է տնտեսական բարեփոխումների և ոլորտում իրականացվող ծրագրերի մասին


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։ Նախարարի պաշտոնակատար Կարայանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ուսումնասիրվել են արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը և գործող ձեռնարկությունների զարգացման ծրագրերը։ Վերջիններիս ցուցաբերվում է անհրաժեշտ պետական աջակցություն՝ առկա ներուժը իրացնելու նպատակով։ Ձևավորվել է նաև ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը Նախագահին զեկուցել է արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շուկայում հայկական ապրանքների առաջմղման, խոշոր առևտրային ցանցերում դրանց ներգրավման, ԵԱՏՄ միասնական շուկաների և համատեղ արտադրության շղթաների ձևավորման ուղղությամբ քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Եվրամիությունում գործող GSP+ առևտրի արտոնյալ համակարգի շրջանակներում ՀՀ արտահանման ներուժի իրացմանն ուղղված միջոցառումներին և հեռանկարներին։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման և անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Նախարարի պաշտոնակատար Կարայանը Նախագահին տեղեկացրել է, որ մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ներդրումային գրավչության և պոտենցիալ ներդրումային ծրագրերի ներկայացմանը և մասնավորապես, ներդրումային ծրագրերի հարթակին, որտեղ այժմ ներկայացված է 55 ներդրումային ծրագիր։ Նախարարի պաշտոնակատարը Նախագահին ներկայացրել է ներդրումային հիմնադրամների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նրա խոսքով՝ ներդրումների խթանման նպատակով ստեղծվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտին կմեկնարկի 2017թ․ աշնանը։
Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի զեկույցը ներառել է նաև զբոսաշրջության ոլորտում գերատեսչության իրականացրած աշխատանքները։ Ըստ զեկույցի, մինչև 2020 թվականը կանխատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկել:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ